Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/31

Այս էջը հաստատված է

Առայժմ։ Պետք է վազեմ։ Հրավիրված եմ ճաշի և արդեն ուշացել եմ։ Գրեցեք։ Շուտով եկեք։ Սպասում եմ անհամբեր։ Դե, առայժմ, իմ սիրելի. լավ Անտենկա։

Ձեր Վահան

21. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1911, 4 հոկտեմբերի

Ի՞նչ է նշանակում ձեր լռությունը, սիրելի Անտենկա։ Հանկարծ մի բան պատահած չլինի՞ ձեզ։ Գոնե մի քանի տող գրեիք։ Ես ամեն օր սպասում եմ, և ձեզնից նամակ չկա ու չկա։ Գուցե որևէ բանով բարկացրե՞լ եմ ձեզ, իմ սիրելի բարեկամ, իմ լավ Անտենկա։ Կարծես թե ոչ մի այդպիսի բան չեմ արել։ Իսկ եթե որևէ բանի համար բարկանում եք, գոնե գրեցեք ինչի համար, թե չէ ախր այդպես չի կարելի։ Իմ կարծիքով լավ չէ այդքան երկար չպատասխանել նամակին, թեկուզ և հիմար ու վատ նամակին, ինչպիսին հավանաբար իմ վերջին նամակն էր, հապճեպ գրված, այն էլ ամբողջ խմբով հայտնված ընկերներիս պատճառով ընդհատված։ Սիրելիս, գրեցեք։ Գրեցեք «Անտյայի» մեծ ու լավ նամակ։ Եթե գեթ մի փոքր սիրում եք ինձ, շուտով պատասխանեցեք, սպասում եմ։ Եվ գրեցեք, երբ կլինեք Մոսկվայում։ Կտեսնե՞մ ձեր գալը, թե ոչ։ Հիմա լարված պարապում եմ շատ մոտիկ ապագայում հանձնելիք քննության համար։ Ժամանակն է, Անտենկա, վերջացնել այդ բոլոր քննությունները և այլն։ Այնպե՜ս եմ ձանձրացել դրանցից։ Սիրելիս, շուտ եկեք։ Գրեցեք։ Մի բարկացեք, որ ձեզ իմն եմ անվանում, թեև իմը չեք, կամ համենայն դեպս ձեզ իմը չեք համարում։ Բայց չէ՞ որ մենք այնքան լավ բարեկամներ ենք, և ես այնպե՜ս եմ սիրում ձեզ։ Նշանակում է, եթե դուք էլ մի քիչ սիրում եք ինձ, ապա եթե ոչ ամբողջովին դուք, գեթ ձեր մի մասը չէ՞ որ իմն է, այնպես չէ՞։ Ո՞չ։ Դե, ինչպես կուզեք։ Դա թողնում եմ, որ դուք վճռեք և նրանք, ովքեր սիրում են իրավաբանական պատրվակները և ովքեր խիստ հարգում են մասնավոր սեփականության ինստիտուտը։ Իսկ իմ հոգում ախր, այնուամենայնիվ, դուք իմն եք։ Այնքան ժամանակ իմն եք, քանի դեռ սիրում եմ ձեզ։