Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/311

Այս էջը հաստատված է

որ հնար չկար հանգիստ գրելու առօրյա բաների մասին։ Այժմ էլ գրում եմ շտապ՝ նամակդ անպատասխան չթողնելու համար։ Ասում եմ այդ ոչ թե նրա համար, որ գրելու բան չկա, այլ, ընդհակառակը, նրա համար, որ գրելու բաներն այնքան շատ են, որ անհնար է գրել այդ ամենը։ Պետք է տեսնվել ու զրուցել, իսկ տեսնվելն էլ իմ բախտից թե անբախտությունից չի հաջողվում։ Վերջին դեպքերի մասին՝ գրելու չեմ, որովհետև դա շատ երկար կլինի և հարկ էլ չկա այդ բաների մասին դրելու։ Միայն ասեմ, որ երանի եմ տալիս բոլոր մեծ քաղաքներում ապրողներին, որովհետև լուրերն այստեղ շատ՜ ուշ են հասնում և քիչ-քիչ—ուղղակի հոգիս դուրս է գալիս։ Քիչ մնաց թողնեի ու գնայի Թիֆլիս, բայց ֆիզիկական հնար չկար։ Ինչևէ։ Վայելիր և ուրախ լեր, միայն ինձ էլ մի մոռանա, գրիր մին-մին: Իմ մասին ի՞նչ ասեմ։ Ընկել եմ այս «ծակը» (дыра) և ձանձրալի ու հիմար կյանք եմ վարում։ Աստված թշնամուս չարժանացնե սրան։ Առողջությունս լավանում է։ Ամսի վերջերին պիտի գնամ այստեղից Թիֆլիս, ուր կմնամ ապրիլ ամիսը, իսկ հետո, չգիտեմ, մի կողմ էլի պետք է գնալ, որովհետև Պետրոգրադ գնալ չի կարելի դեռ և ամառը պետք է մնալ Կովկասում։ Չգիտեմ ի՜նչ է լինելու—գործերս անորոշ են։ Շուշանիկը Պետրեբոլ է — նրան այնտեղ թողնել անհնար է (հղի է), իսկ բերել—ո՞ւր և ինչ- պե՞ս։ Այդ դեպքում պետք է ամբողջ մի տարվա ապահովություն և լավ ապահովություն, որ շատ դժվար է ճարել, քանի որ որոշ ոչ մի եկամուտ չկա, ամեն ինչ պատահական է և անհաստատ։ Առայժմ օգնում են եղբայրներս, որ տվել են արդեն 1200 ռ. — նրանցից դժվար է շատ սպասել — շատ-շատ կարող են էլի մի հազար տալ, որ իմ այժմյան ծախսերի համար երկու ամիս հազիվ կբավականանա։ Այստեղ ապրուստս ամիսը մոտ 500 ռ. Է նստում: Նույնը կլինի Թիֆլիս և այլուր, եթե կամենամ առողջությունս չքայքայել և ավելի մեծ վտանգի չենթարկել։ Այս ամենը գրեցի քո հետաքրքրությանը բավարարություն տալու համար միայն—որովհետև նամակումդ հարցուփորձ ես անում։

Այստեղ աշխատել չեմ կարողանում բոլորովին—ժամանակն այնպես է չափած-ձևած, որ հնար չկա։ Ասենք սկզբում հալ էլ չկար — նոր եմ կարգի ընկել քիչ։

«Գործ»-ի երկրորդ գիրքն ստացա և կարդացի հետաքրքրությամբ։ Փափազյանի գործն իմ թարգմանությանց մասին