Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/312

Այս էջը հաստատված է

անշուշտ գրական շահագրգռությունից չի բխում, թեև գիտե Աստված, որ ես երբեք մեղք չունեմ, որ նա Գորկու ժողովածուի մեջ չընկավ։ Բայց անկախ դրանից ես կարող եմ ասել, որ գրական տեսակետով ես նրան բոլորովին անշնորհք գրող եմ համարում և դրան ապացույց «Գործ»-ի վերջին գրքում տպված նրա «զրույց»-ը։ Այնպես որ մեր «հակակրությունը» փոխադարձ է, բայց ես անձնական ոչ մի նկատում չունեմ այդ մարդու վերաբերմամբ, իսկ նա, ինչպես դու էլ նկատել ես, միայն դրանով է ղեկավարվել։ Այս ամենից, իհարկե, չի բխում, որ ես իմ թարգմանությունները, կատարյալ չեմ ասում, այլ, լավ եմ համարում։ Քավ լիցի։ Feci quod potui և պիտի աշխատեմ meliora patere, Մալխասյանի հոդվածը հետաքրքիր է, բայց իմ կարծիքով շատ երեսանց է մասնագետ մարդու համար: [Դա ի զորու է ամեն մի հրապարակախոսի, իսկ հայկաբանից ես պահանջում եմ ավելի շատ խորություն և գիտականություն, որ ցավոք սրտի չկա Մալխասյանցի հոդվածում]: Այդ հոդվածի առթիվ, եթե հնար ունենամ, պիտի գրեմ։

Տղա՜, վերցրել ես ուղարկածս ոտանավորները, հերթով տրպում ես—ես ախր ուղարկել էի դրանք, որ ընտրես ու միայն առաջին համարի, համար լինի նյութ։ Թեև այն ժամանակ հույս ունեի, որ հետզհետե կուղարկեմ ավելի լավ բաներ, իսկ ինչպես տեսնում ես, առայժմ բան չեմ կարող անել։ Եթե լավ բան գրեմ, կուղարկեմ:

Պավղոսի «Զանգը» լավ եք անում, որ տպում եք։

Էլ ի՞նչ գրեմ— ամեն ինչ խառնվել է գլխումս և գրում եմ ինչ միտս է գալիս։

Առայժմ այսքանն էլ բավական համարիր և արժանացրու քո՛ նամակներին, որ մխիթարիչ են ինձ համար և սիրելի։

Սրտանց ողջույնս Դավթին։

Վարինկայի թաթիկը փափուկ կհամբուրես և բալիկիդ ճակատը։ Շուտով ես էլ, եթե Աստված կամենա, մի բալիկ կունենամ, որին անհամբեր սպասում եմ ես, մանավանդ Շուշանիկը։

Դե ողջ լեր, սիրելիս, և ուրախ։

Քո Վահան

Գրելիս գրիր ինձ Թիֆլիս «Մշակ»-ի խմբագրության հասցեով— նամակդ այստեղ չի հասնի այլևս—շատ ուշ են հասնում նամակները՝ 10—15 օր են գնում Թիֆլիս, իսկ Բաքու ավելի ևս։