Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/315

Այս էջը հաստատված է

իմ, թե Պողոսի ծրագիրն է։ Հոնորարի հավելումը—հակառակ մեր նախնական որոշման, ընդունել ենք անհրաժեշտ ոչ միայն աչքի առաջ ունենալով ներկա պայմանները, այլև գործին ի մոտո ծանոթանալով և տեսնելով, թե որքան, իրոք, դժվար գործ է մեր ձեռնարկած գրվածների թարգմանությունը։

Մեր որոշած հոնորարը այն մինիմումն է, որից ցածր իջնել անհնար է, եթե մենք կամենում ենք իրոք իրագործել մեր ձեռնարկությունը։ Զուր ես կարծում, որ այդ հավելումը կստիպե մեզ հրաժարվել Գորկիի և Չեխովի թարգմանությունից։ Իմ կազմած նախահաշվով միջին թվով ամեն մի գիրքը մեր վրա նստելու է 1000 ռ. այդ դեպքում մենք կարող ենք թարգմանել 10 գիրք։ Այդ 10 գրքից երեքը վերցրել է Պողոսը, երկուսը՝ դու, հինգը՝ ես։ Իմ հինգ գիրք վերցնելը պայմանավորված է ոչ թե իմ շատ գիրք Վերցնելու ցանկությունով, այլ նրանով, որ «Война и мир»-ից կազմում է 4 հատոր։ Պողոսը չուզեց Տոլստոյի թարգմանությունը վերցնել, գերադասելով Դոստոևսկին (որին ես ևս ավելի մեծ հաճույքով կվերցնեի)։ Ինչպես քեզ գրել էի, «Война и мир»-ից և «Преступление и наказание»- սկսել Տոլստոյի և Դոստոևսկու թարգմանությունը ստիպեց մեզ գործնական տեսակետը և մեր հրատարակչության օգուտի պահանջը։ Ես ու Պողոսը այդ հարցում համամիտ ենք։ Մեզ թվում է, որ մեր ձեռնարկության հաջողությունը պահանջում է, որ սկզբից իսկ մենք տանք անվիճելի և կարևոր գործեր և այդ տեսակետին բերել է մեզ Շնիցլերի փորձը։ Իհարկե, եթե մեր կապիտալը այնքան խոշոր լիներ, որ մենք, առանց հասարակության համակրանքին սպասելու, կարենայինք սիստեմատիկ առաջ տանել մեր գործը, սպասելով, որ վերջը կպսակվի հաջողությամբ մեր գործը, այն ժամանակ այդ նկատառումները տեղի չէին ունենա, իսկ ներկա դեպքում մենք ստիպված ենք խոշոր ու անվիճելի երկերից սկսելու մեր գործը հասարակության ուշքն ու համակրությունն էլ ձեռք բերելու համար։ Մեզ թվում է, որ և հրատարակելու գործը ավելի կթեթևանա, երբ մենք կառաջարկենք այդպիսի երկեր։

Ինչպես պարզվում է, մեր ծրագիրը հետևյալն է, ուրեմն.

1. Համսուն I հատոր
2. Շնիցել II հատոր
3. Չեխով I հատոր
4. Գորկի I հատոր
5. Տոլստոյ I—IV հատոր
6. Դոստոևսկի I—II հատոր (ընդամենը 10 հատոր)