Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/317

Այս էջը հաստատված է

մեջ չեմ ընկնի նրա առաջ, կգրեմ այսօր, որ եռանդով գործի կպչի (նա ինքն էլ ուզում էր, որ քո պատասխանն ստանամ, հետո սկսե գործը, վասն զի վախենում էր, թե դու իմ և Պողոսի որոշումները չընդունես և պնդես հին պայմանի վրա, իսկ 24 ռուբլով նա չէր ուզում թարգմանել)։

Մոտ 100 երես էլ ես եմ թարգմանել, բայց կանգ էի առել սպասելով քո նամակին։ Այժմ եռանդով կշարունակեմ գործը։ Ինձ համար առայժմ փող չեմ խնդրում, բայց խնդրում եմ այնպես անես, որ երբ հարկավոր լինի, առանց ուշանալու կարողանամ ստանալ ինձ հասանելիքը—Պետերբուրգ գնալիս ինձ հարկավոր կլինի փող—ուրեմն ինձ տեղյակ պահիր տեղիդ մասին և «արթուն կաց»։ Մինչև հուլիսի սկզբները ես անպայման այստեղ եմ, բայց հավանական է, որ մինչև հուլիսի վերջն էլ մնամ այստեղ և գնամ հուլիսի վերջերին։ Ահա այդ ժամանակ կուզեի հնարավորություն ունենալ առանց դժվարության և ուշանալու ստանալ ինձ հասանելիք փողը։ Խնդրեմ այնպես կարգադրես, որ այն ժամանակ նեղ վիճակի մեջ չընկնեմ, քանի որ հաշվի եմ առնում այդ ստանալիքս: Դերենիկը, կարծում եմ, մինչև աշուն ստացած ավանսի համապատասխան հազիվ թարգմանե և երևի էլ չի ուզի փող։ Խոնդկարյանի մասին կգրեմ, եթե թարգմանությունն ստանամ։ Կարծում եմ, որ նա էլ մինչև քո գալը փող չի ուզի։Վերջացնում եմ զեկուցումս: Կարծեմ ամեն ինչ ասի։

Պողոսը խոստացել էր մայիսի սկզբին գալ մեր գյուղը հանդերձ մի վեդրա Արտաշիրի գինիով, բայց... չգիտեմ ո՞ւր մնաց և ինչ է անում, ես էլ նրա հուսով անգինի տառապում եմ ու տանջվում։ Չգիտեմ էլ, թե ո՞ւր է այժմ։

Հեղափոխության հետ կապված խնդիրների մասին չեմ գրում, որովհետև դա շատ երկար գրելու բան է, հնար չկա։ Ես հույս ունեմ, որ մենք կտեսնվենք Կովկասում, այն ժամանակ դրանց մասին էլ մի բոլ կխոսենք։

Ողջ լեր և գրիր։

Քո Վահան