Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/318

Այս էջը հաստատված է

182. ՍՏ. ԶՈՐՅԱՆԻՆ

<1917 , 8—10 հունիսի, Ախալքալաք>

Սիրելի Զորյան

Ձեր նամակն ու թարգմանությունն ստացա։ Ստացել եմ և դրանցից առաջ ուղարկված բացիկը։ Թարգմանությունը դեռ նայելու ժամանակ չեղավ։ Մոտ օրերս կկարդամ ու կգրեմ իմ դիտողությունները։ Դուք շարունակեցեք Ձեր թարգմանությունը։ Միայն կխնդրեի անպայման մի երեսի վրա գրել: Միքայելյանին ես այսօր գրեցի, որ ուղարկե Ձեզ «Մշակ»-ի խմբագրատան հասցեով 300 ռ.։ Ես Միքայելյանին գրել եմ, որ ձեզնից ստացել եմ 150 երես թարգմանություն և այդ 300 ռ. խնդրել եմ ուղարկել իբր վարձատրություն այդ թարգմանած 150 երեսի համար։ Ավանսի խնդիրը մեզ մոտ դրված է վատ, և դժվարություններ են ծագում ավանսի մասին խոսելիս։ Այդ դժվարություններից խուսափելու համար ես թույլ տվի այս փոքրիկ ստությունը, որի համար Դուք ինձ չեք մատնի իհարկե այս աշխարհում, և այն աշխարհում էլ, հավատացած եմ, ինձ դրա համար դժոխք չեն ուղարկի։ Բացի այդ, մինչև նամակս Կարենին հասնելը և նրա ուղարկած փողը Ձեզ հասնելը երևի Դուք հավանորեն մոտեցած կլինեք 150 երեսին, այնպես այդ փոքրիկ ու աննշան սուտն էլ ինքնըստինքյան կչքանա, այնպես չէ՞։ Ինչպես երևում է ես դեռ այստեղ կմնամ առնվազն մինչև հուլիսի սկզբները, նույնիսկ ավելի երկար, այդ աչքի առաջ ունեցեք, և իմ հասցեն կլինի՝ Ахалкалаки, священнику Нерсесу Тер-Григоряну—հանձնել ինձ, կամ հենց Ахалкалаки, Вагану Териану. Եթե Թիֆլիսից գնալու լինեք, ինձ հայտնեցեք Ձեր հասցեն, որ իրար չկորցնենք։ Թարգմանության մասին էլ մեկ-մեկ տեղեկություն տվեք։

Ողջույններով
Ձեր Վահան Տերյան

P.S. Շատ կխնդրեի Ձեզ մի կերպ ձեռք բերել Բարեգործական ընկերության մատենադարանից «Война и мир» թարգմանությունը և հասցնեք ինձ։ Ինչքան որ գրավական ուզեն՝ տվեք և