Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/32

Այս էջը հաստատված է

Իսկ ձեզ կսիրեմ, թվում է, երկար, եթե ոչ միշտ (չէ՞ որ ասում են, թե հավերժական սեր չկա և գուցե իրավացի են նրանք, ովքեր այդպես են ասում), Դե, առայժմ։ Համբուրում եմ ձեզ պինդ-պինդ իմ Անտենկա։ Ուրեմն, գրեցեք, մի մոռացեք ամբողջովին ու վերջնականապես ։

Վահան Տերյան


22. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1911, 9 նոյեմբերի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Նամակդ ստացա այս իրիկուն, իսկ երեկ իրիկուն գնացի Միքայելյանի մոտից բերի հոդվածդ, որը հենց երեկ իրիկուն կարդացինք ես, Պողոսը և Վարդգես Ահարոնյանը: Կարծեմ դա բավական է ցույց տալու համար, թե որքան մենք (հատկապես ես ու Պողոսը) հետաքրքրվում էինք քո հոդվածով։ Կարդացինք մինչև ժամը 1½-ը (գիշերվա), բայց չվերջացրինք (որովհետև ժամը 11-ից հետո էինք սկսել— Կարենոյի մոտ էի և այնտեղ էլ մի 15 երես կարդացինք)։ Վերջացրինք այս առավոտ ես ու Պոլը։

Պոլը ասաց — талантливо! Հոդվածդ հավանեց։ Ես նմանապես հավանեցի։ Մենք երկուսս էլ գոհ մնացինք ընդհանրապես, և մեր հույսերը չխաբվեցին։ Շատ ուրախ եմ դրա համար ես, նմանապես և Պոլը։

Տեղ-տեղ հրաշալի է հոդվածդ։ Մանավանդ լավ ես ընտրել (подобрал) ցիտատները։ Օրինակ, Շեքսպիրից բերածդ և այդ առթիվ արած մի քանի նկատողությունները բուռն հրճվանք պատճառեցին մեզ։ Շատ սուր դիտողություններ կան, որ միանգամայն սպանում են։ Գրվածքդ պարզ է և ազատ ս.-դեական հիմար ճոռոմաբանությունից և կեղծ գիտական ոճից, որ այնպես շահագործում են մեր ջահելներից շատերը։ Մի խոսքով գոհ ենք։ Թերություններից ամենագլխավորը այն է, որ դու գրեթե մեկ-մեկ պատմում ես բոլոր պատկերների բովանդակությունը և առանձին-առանձին վերլուծում — դա