և ինչ-որ տագնապի զգացումով։ Դուք լավ գիտեք իմ վերաբերմունքը դեպի Ձեզ։ Հավատացնում եմ Ձեզ, սիրելի Մարգո, դա չի փոխվի նույնիսկ այն դեպքում, երբ Դուք ինձ «դավաճանեք»։ Ես գիտեմ և լավ եմ հասկանում, որ Ձեր կողմից այդ «դավաճանությունն» անխուսափելի է, այլ կերպ չի էլ կարող լինել, բայց ինձ համար թախծալի է մտածել, որ այդ «դավաճանությունը» կփոխի մեր լավ հարաբերությունները, ավելի շուտ Ձեր վերաբերմունքը դեպի ինձ, քանի որ, ինչպես վերն ասացի, իմը երբեք չի կարող փոխվել։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց հավատացնում եմ Ձեզ, որ եթե մեկին սիրեցի, չեմ կարող դադարել նրան սիրելուց։ Մինչդեռ Դուք անխուսափելիորեն կսիրեք մեկ ուրիշին և սիրելով կդադարեք ինձ սիրել, քանի որ «ես մարմանդ վառվելու եմ, իսկ Դուք՝ փթթելու»։ Ոչինչ չես կարող անել։ Փթթեցեք ուրեմն, սիրելի, սքանչելի Գրետա, և թող ուրախությունը Ձեզ ուղեկից լինի։ Սրտանց ցանկանում եմ, որ Ձեր համար լավ լինի։ Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ, բայց և թեթև, կարծես վախճանվել եմ, կարծես կենդանի չեմ արդեն, այլ սոսկ ստվեր, հուշ որևէ տեղ։ «Վահան Տերյա՜ն»— Ձեր, բոլոր նրանց, ում սիրում եմ և ով քնքույշ էր դեպի ինձ։ «Վահան Տերյա՜ն» — արդյոք ե՞ս եմ այդ։ Իսկապես ինչպիսի՜ հանգուցյալ եմ ես։ Դուք դիտեք, իմ լավ, ինչպես քնքշորեն կապված եմ Ձեզ և որքան հաճելի կլինի ինձ գիտենալ այն ամենը, ինչ վերաբերում է Ձեզ, ուստի գրեցեք ինձ, հաշվի չառնելով պայմանականությունները, հիշեցեք, որ ինձ շատ կուրախացնեք Ձեր մասին մի լուր տալով։ Ինձնից մի պահանջեք չափազանց մեծ ճշտապահություն, չէ՞ որ այն թափառաշրջիկ կյանքը, որ վարում եմ, այնքան էլ չի նպաստում դրան։ Բայց հավատացեք, ես հարմար առիթը բաց չեմ թողնի, որպեսզի մի քիչ շատախոսեմ Ձեզ հետ, հաղորդեմ մտքերս ու տրամադրություններս։ Գրեցեք միանգամայն ազատ—Ձեր նամակները ոչ ոք, բացի ինձնից, չի կարդա երբեք: Ինձ համար հաճելի է մտածել, որ Ձեզ հետ դեռ էլի կհանդիպենք։ Իսկ առայժմ ցտեսություն (եթե մինչ այդ չեք մոռանա ինձ կամ չեք կորցնի ինձ տեսնելու ցանկությունը)։ Քնքշորեն համբուրում եմ Ձեզ։
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/320
Այս էջը հաստատված է
Ձեր Վահան Տերյան