Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/323

Այս էջը հաստատված է

առայժմ թող մնա Ձեր մոտ, բայց շարունակեցեք այն նույն եռանդով, ինչպես սկսել եք։

«Գործ»-ից ինձ գրել են, որ համարները (իմ) ուղարկվում են «Մշակ»-ի հասցեով։ Եթե նեղություն կրեիք և ուղարկեիք ինձ վերջին համարը, շատ շնորհակալ կլինեի։ Ողջություն և ուրախություն Ձեզ։ Ողջույններս մեր բարեկամներին։

Ձեր Վահան Տերյան


187. Մ. ԳՈՐԿՈԻՆ

(հեռագիր)

<1917, 29 հոկտեմբերի, Պետրոգրադ>

Սրտանց ողջունում եմ Ձեզ՝ դեմոկրատիայի փառապանծ, խիզախ, հավատարիմ առաջնորդին, ջերմորեն սիրված ճշմարտախոս գրողին, քաղաքացուն և մարդուն։

Վահան Տերյան


188. ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

(հատված)

<1917, նոյեմբեր, Պետրոգրադ>

Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ և Արտաքին գործերի մինիստրության մեջ։ Դեռ չեմ որոշել։ Երևի Ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով։ Դա հետաքրքիր կլինի: Հրաժարվել չի կարելի, վասն զի ինտելիգենտ ուժերի կարիք կա, և կուսակցական էթիկան չի թույլատրում այս ժամին, երբ զզվելի սաբոտաժ են անում բոլոր խավար ուժերը, չգնալ և չծառայել բանվորական և գյուղացիական կառավարության։ Դրա համար из принципа ուզում եմ վերցնել առաջարկված պաշտոններից մեկն ու մեկը։