Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/333

Այս էջը հաստատված է

այլ բացառապես քեզ։ Եվ հիմա, թանկագինս, իմ բոլոր մտքերն ու տագնապները վերաբերվում են լոկ քեզ։ Ինձ համար ամենևին պետք չէ անհանգստանալ—այս հիշիր։ Դու, մանկիկս, գուցե չարանում ես, որ ես խոսք բաց չարի մեր բալիկի մասին։ Անկեղծ ասեմ քեզ, անսահման ցավով ու թախիծով եմ մտածում այդ մասին, բայց չեմ թաքցնի քեզնից, որ քո նամակից հետո ես կորցրել եմ ամենայն հույս, որ նա կառողջանա և նույնիսկ այնքան էլ չեմ հավատում, թե նա կենդանի է։ Չեմ ուզում այդ մասին խոսել, որպեսզի քեզ չտանջեմ, իմ սիրելի մանկիկ։

Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ես ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում։ Եվ եթե մտածես այդ մասին և աշխատես հասկանալ ինձ, գուցե և ներես։ Ոչ ոքի առաջ ես այնպես ծանր մեղավոր չեմ, ինչպես քո առաջ, բայց կարող եմ ասել և այն, որ ես չէի զվարճանում այն ժամանակ, երբ դու տառապում էիր. ես տառապում էի ոչ պակաս, գուցե և ավելի։ Թերևս միայն դրանով մի քիչ քավել եմ մեղքս քո առաջ։ Այսպիսի բաների մասին միայն նրա համար եմ գրում, մանկիկս, որպեսզի գեթ մի քիչ հանգստացնեմ քեզ, որպեսզի դու չտանջվես այն մտքից, թե ես անտարբեր եմ դեպի քո վիճակը։ Երդվում եմ քեզ ամեն ինչով, որ ճիշտ հակառակը, միայն դա էր ինձ տանջում ու անհանգստացնում, միմիայն մտածմունքը քո մասին։ Մնացած ամեն ինչի վրա, ինչ էլ որ պատահի, ես նայում եմ պարզ ու հանգիստ և ինձ ոչինչ չի անհանգստացնում ու վախեցնում։ Բայց չկարծես, թե որևէ սարսափելի բան կա կամ սպասվում է։ Այստեղ միանգամայն հանդարտ է, և իմ մասին անհանգստանալու բան չունես։

Ինչ վերաբերվում է իմ Ստավրոպոլ գալուն, հետևյալը կասեմ։ Կաշխատեմ առաջին իսկ հնարավորության դեպքում գալ, բայց կգամ ժամանակավորապես, ըստ որում կարճ ժամանակով։ Շատ տհաճ բան կլիներ մի այսպիսի ժամանակ նստել որևէ մեկի վզին, իսկ ինչպես քեզ հայտնի է, կուտակած փող չունենք։ Պետք է աշխատել վաստակել և ապրել։ Ստավրոպոլում աշխատանք չկա, և ես չեմ էլ ուզում այնտեղ աշխատել։ Այդ պատճառով էլ կըգամ շատ կարճ ժամանակով, սոսկ նրա համար, որ տեսնեմ քեզ և հանգստացնեմ։ Ճշգրիտ չեմ կարող ասել, թե երբ կգամ, բայց կաշխատեմ այդ անել ըստ հնարավորին շուտ։ Ահա և բոլորը։