Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/340

Այս էջը հաստատված է

իմաստավորվում են, դառնում են խորունկ, լի գաղտնիքով ու հոգով, այնինչ սովորական էին, հասարակ, տափակ։ Ամբողջը վերաբերմունքի խնդիր է։ Կարողացիր միայն ուշադրությամբ ունկնդիր լինել և ամեն ինչի մեջ անսպառ գեղեցկություն ու բարություն կգտնես։ Եվ երաժշտության նման կլինի ամբողջ կյանքը։ Ցավ չէ, թե նա տխուր է, այդ երաժշտությունը։ Մի՞թե մեզ ավելի չի դուր գալիս, հոգին ավելի ուժգին չի խոցում տխուր, աշնան պես թախծալի ու տրտմաշունչ երաժշտությունը։ Մի՞թե մենք զվարճություն ենք ուզում և ոչ թե տրտմություն։ Եվ ինչի՞ց է, որ դա այդպես է, ասացեք ինձ։ Ինչ՞ից է, որ դա այդպես է, Անտենկա։ Մի՞թե դուք ինձ կասեք այդ։ Մի՞թե ավելի լավ չէ չհարցնել, այլ հեզ լինել ու սիրել։ Ավելի լավ չէ՞ օրհնել, և ընդունել, և չափսոսալ, և հոդիդ նվիրաբերել այն ամենին, ինչը գեղեցկությամբ է լցնում կյանքը։ Կգա օրը, և կհիշես, և այն, որ մեղք էր թվում, կերևա սրբություն ու գեղեցկություն, և այն, ինչը ահ ու սարսափ էր, կդառնա քաղցր թրթիռ ու սեր ու կյանք, որը հեռանում է, որպեսզի շիրիմ և հուշ մնա։

Երեկ գիշեր նստել և գրում էի այն ամենը, ինչ որ կարդացիք այս նամակի նախորդ էջերում։ Գիտեմ, որ եթե վերընթերցեմ, կպատառոտեմ և չեմ ուղարկի, դրա համար էլ չեմ վերընթերցում, թեկուզ և ամբողջ գրածս անհուսալի հիմարություն և շաղակրատանք լիներ։ Դրա համար մի բարկացեք ինձ վրա և մի չարացեք. գրել եմ ինչ որ մտքովս անցել է։ Մի բան կուզենայի ասել. մի պահանջեք և մի որոնեք ամեն ինչի մեջ խիստ տրամաբանություն, որովհետև դժվար է տրամաբանություն գտնելը և հատկապես մարդկային զգացողությունների մեջ, նույնիսկ ավելին, այդ ասպարեզում տրամաբանություն գտնելու ոչ մի հնարավորություն չկա, և մենք, երբեմն կարծելով, թե գտնում ենք այդ տրամաբանությունը, սոսկ խաբում ենք մեզ, ոչ ավելին:

Ես շատ հաճախ եմ անձնատուր լինում զգացմունքներիս, և շատ անգամ են զգացմունքներս իշխում սառը բանականությանն ու դատողությանը։ Դա ոչ միայն նրանից է, որ ես «զգայուն» մարդ եմ, այլ շատ կարող է պատահել նրանից, որ բավականաչափ հիմքեր չեմ գտնում դատողությանն ավելի վստահելու և ենթարկվելու, քան զգացմունքին։

Եթե ուզենայի «ազնվաբարո» լինել ընդունված իմաստով,