Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/355

Այս էջը հաստատված է

որ հայ ազգաբնակչության տոկոսը զգալիորեն կբարձրանար, եթե Թուրքահայաստանում ստեղծվեին անձնական և գույքային անվըտանգության տարրական երաշխիքներ, որը հնարավորություն կտար վերադառնալ ամենավերջին տարիներս Հայաստանից զանազան երկրներ գաղթած, բայց հայրենիքի հետ կապերը չխզած հարյուր հազարավոր հայերի, որոնք պատրաստ էին առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ իրենց ավերված հարազատ օջախը։

Եվ այսպես, չնայած պարբերական ջարդերին, դեռ պատերազմի սկզբին հայերը իրենց հայրենիքում այնուամենայնիվ կազմում էին չափազանց զգալի մեծամասնություն՝ համեմատած յուրաքանչյուր առանձին վերցրած ազգային խմբի հետ, իսկ դեռ վերջերս գաղթած (կամ, ավելի ճիշտ, սպանդից փախած) տարբեր երկրներ ում ցրված հարյուր հազարավոր հայերին ետ վերադարձնելու հնարավորության դեպքում հայերը կկազմեին Հայաստանի ամբողջ տարացեղ ազգաբնակչության կեսից ավելին։

Ուստի 1914 թ. հունվարի 26-ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրից հետո, որը հայկական վիլայեթներում չափազանց էական ռեֆորմ էր մտցնում, հայերը կարող էին հույս տածել, որ ավել կամ պակաս բարենպաստ պայմաններում այդ ռեֆորմի բնական հետևությունը կլիներ ինքնավար Հայաստանի ստեղծումը, և դա հայերին իսկական ազգային ինքնորոշման հնարավորություն կտար (իհարկե, ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում դեմոկրատիայի հաղթանակի դեպքում)։ Այդ պայմաններում հայ ժողովուրդը կկարողանար համաժողովրդական քվեարկությամբ որոշել իր բախտը, եթե ռուսական և եվրոպական հեղափոխությունները հայերին թույլ տային, որ իրենք վճռեն իրենց բախտը։ Հայ սոցիալ-դեմոկրատները հենց այդ հույսն էին տածում։ նրանք միշտ հեռու էին պատրանքներից Եվրոպայի իմպերիալիստական դիվանագետների միջավայրից ելած ամեն տեսակ հայասերների «մարդասիրական» և «բարեկամական» զգացմունքների նկատմամբ, հայասերներ, որոնք հանուն «մարդասիրական» բարձր զգացմունքների երբեք չէին դավաճանի իրենց կապիտալիստ-տերերի և նրանց պետությունների շահերին։ Հայ սոցիալ-դեմոկրատները ոչ միայն չէին սնում այդպիսի պատրանքներ, այլ միշտ մերկացնում էին այն բուրժուական, և մանրբուրժուական