Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/364

Այս էջը հաստատված է

Սակայն հենց հարցն էլ այն է, թե որքա՜ն արդյոք պատվաբեր է թե հոբելյանական հանձնաժողովի, թե հոբելյարի և թե, մանավանդ, հայ գրականության համար, երբ այնտեղ, ուր կան Սունդուկյան, Աղայան, Լեո... Թումանյան, Իսահակյան և ուրիշներ,— այնտեղ այդ պատվաբեր աթոռը տրվում է սոսկ գրականասեր «նավթահանքատերերի» կամ բարեգործ հռչակված «նավթի արքաների» տրամադրության տակ...

Մենք շատ ցավում ենք, որ ստիպված ենք խոսելու այդպիսի՛ փափկանկատ խնդրի առիթով, սակայն հավատացեք, հարգելի պարոն, որ մենք ամենևին նպատակ չունենք Ձեզ վրդովելու կամ վիրավորելու։

Մենք ուրախությամբ կհրաժարվեինք այդ ստիպողական տխուր պարտքը կատարելուց (հենց հանուն նույն հարգանքի և սիրո դեպի մայրենի գրականությունը), եթե միայն հարցը Ձեզանով սկսվեր և Ձեզանով վերջանար։ Այդ դեպքում մենք գուցե սառնասրտությամբ անցնեինք միայն այդ փաստի կողքով վերագրելով այն մի թյուրիմաց պատահականության։ Բայց դժբախտաբար այդպես չէ.

Da ist Hund begraben!

Մեր կյանքում, մանավանդ վերջին ժամանակները, գրական-հասարակական բարքերի վերաբերմամբ մտքերի մի անասելի խառնաշփոթություն է տիրում... Ամեն մի գաղավարական տոն, հանդես այլասերվում և մի տեսակ կապիտալիստական ձեռնարկության կերպարանք է ստանում... Եվ գործի նյութական հաջողության համար մարդիկ, ոտնակոխ անելով ամեն ինչ հրապարակորեն առաջին շարքերն են հանում փողի պաշտամունքը, աղոթասեղան են բարձրացնում ոսկու քսակը...

Իսկ ինչ վերաբերվում է, հարգելի պարոն, Ձեր այն հայտարարության, թե Շիրվանզադեն Ձեր վաղեմի բարեկամն է, և ընկերը, մենք պատրաստ ենք խորապես հարգելու Ձեր զգացմունքները մեր վաստակավոր վիպասանի վերաբերմամբ և չենք ժխտում Ձեր իրավունքը մասնավոր խնջույքում, մասնավոր հանդիսում ինչ դեր և կամենաք ստանձնել — և՛ նախագահ լինել, և հանդիսի ղեկավար։

Բայց երբ տոնը Շիրվանզադեի անձնական տոնը չէ, երբ դա հայտարարված է համազգային մի հանդես, ուր հասարակությունը