գործ ունեմ պեդանտի կամ հիմարի հետ, որն այդ կանոններով է ապրում, իսկ ինքս կուզենայի ազատ լինել, որքան որ դա հնարավոր է։ Ասենք, ես և դուք կարծես շատ էլ հաշվի չենք նստել այդ պայմանականությունների հետ, և մեզ համար կարծես լավ էր։ Համենայն դեպս, ես բավականությամբ եմ հիշում մեր երկուսով անցկացրած բոլոր ժամերը, սկսած մեր առաջին հանդիպումից հյուրանոցում և վերջացրած վերջին տեսակցությամբ Ելչինսկու տանը։ Կարծում եմ, որ նույնպիսի բավականությամբ կհանդիպեմ ձեզ աշնանը։ Ինչ վերաբերում է ձեզ, ապա դա ինքներդ եք իմանալու։ Բայց կարծում եմ, որ ձեզ համար էլ հաճելի էր լինում ինձ հետ։
Այս ամբողջ ժամանակ զբաղված էի վերջին քննություններով։ Ավարտական վկայական ստացա և հիմա մի քանի օրով հանգստացա, իսկ հետո նորից կսկսեմ պարապել։ Իսկ պարապմունքներ ես շատ ունեմ, Անտենկա։ Այնքան շատ, որ մի կյանքը չի բավականացնի։ Ինչպես գիտեք, ուզում եմ էքստեռն քննություն տալ իրավաբանականի համար. մտածում եմ աշնանը ձեռնամուխ լինել։ Քանի որ մի ֆակուլտետ ավարտել եմ, դա ինձ իրավունք է տալիս էքստեռն քննության։ Տեսնենք դրանից ինչ կստացվի։ Բացի այդ, բազմաթիվ գրական պլաններ ունեմ, որոնց մասին ձեզ մասամբ պատմել եմ։ Ամառը հավանաբար Ստավրոպոլում կլինեմ։ Եթե միտք ունենաք ինձ գրելու, այս հասցեով գրեցեք՝ Ստավրոպոլ նահանգային, Կենտրոնական հյուրանոց, Վահան Տերյանին։ Ինչպե՞ս եք։ Ի՞նչ նոր բան կա։ Ինչպե՞ս են ձերոնք։ Ի՞նչ է անում Մարթան։ Ինձ հիմա խանգարում են գրելու։ Ավարատում եմ։ Ամուր սեղմում եմ ձեր ձեռքը։ Բարևեցեք ձերոնց բոլորին, իսկ Մարթային ասացեք, որ չչարանա ինձ վրա։ Թեև ավելի լավ է թողնենք դա, թե չէ նա նորից կչարանա։ Գուցե գոնե հիմա նա համոզվե՞լ է, որ ես ավելի լավն եմ «հասարակ» (ինչպե՜ս էիք հիանում) Վահանչիկից և Ռուբենչիկից։ Գուցե նա ինձ հետ մի փոքր համաձա՞յն է, որ ինքը մի քիչ միամիտ աղջնակ է։ Դե, ամենայն բարիք։ Ողջ լերուք։ Բարևեցեք։
Սուսաննան բարևում է ձեզ բոլորիդ։
Կոլյան ավարտեց դասընթացը: