Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/39

Այս էջը հաստատված է

28. Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

1912, 5-10 հունիսի, Ստավրոպոլ

Հարգելի Արմենուհի

Մոսկվայից հեռանալուցս մի քանի ժամ առաջ ստացա Ձեր բաց նամակը։ Գրում եմ Ձեզ Ստավրոպոլից, ուր գտնվում եմ այժմ։ Երկու օր է այստեղ եմ։ Այսօր ամբողջ օրը ինձ շատ վատ եմ զգում — սաստիկ թուլացել եմ։ Ահա ամբողջ օրը նստած եմ բազկաթոռի մեջ, պատուհանի առաջ և ոչինչ չեմ անում։ Նայում եմ այգուն, որը այսօր մշուշով է պատած ու մի տեսակ խորհրդավոր կերպարանք ունի, և երկար նստած մտածում եմ հազար ու մի բանի վրա։ Ահա մի քանի ժամ է ոչ ոք չկա մոտս, և ես ուրախ եմ, որ ինձ չեն խանգարում մենակ լինելու։ Գլուխս լիքն է հեքիաթներով ու երգերով, բայց ես ոչինչ չեմ գրում։ Վերջին ժամանակները ես հնարավորություն չէի ունենում գրելու, այնպես որ ամեն ինչ ապրում էի և այդպես անցնում էր։ Կարելի է ուրեմն լինել բանաստեղծ և ոչինչ չգրել, որովհետև մտքիս մեջ գալիս ու անցնում են խոսքեր, պատկերներ, ձայներ, և ես ուժ չունեմ կենտրոնանալու ու գրի առնելու։ Հազար ու մի ծրագիր ունեմ։ Գուցե ոչ մեկը չիրականացնեմ, սակայն դեռևս հույսս չեմ կտրել։

Այստեղ բոլորովին մենակ եմ գրական հարցերի վերաբերմամբ, ոչ ոքի հետ չեմ կարող մեր գրականության մասին խոսել։ Մասամբ դա լավ է։ Որովհետև սրտիս մոտիկ եմ ընդունում ամեն ինչ և շատ ծանր է լինում տանել ամեն ինչ։ Ամեն անգամ հայոց թերթերը կարդալիս հոգիս դուրս էր գալիս։ Եվ զզվելի, և ողորմելի: Դեռևս «Հորիզոն» չեմ ստանում այստեղ և շատ ուրախ եմ։ Այդ թերթուկը թե լրբության, թե տգիտության ամեն սահման անցել է: Տեսնո՞ւմ եք, ես դարձյալ դարձա այդ բաներին։ Թողնենք, չխոսենք այդ մասին։

Եթե Դուք այստեղ լինեիք՝ ես այս րոպեիս մեծ ուրախությամբ կպատմեի իմ ծրագրները (գրական իհարկե) և կզրուցեի Ձեզ հետ։ Բայց այստեղ, հեռվում,— որովհետև այդտեղ եթե լինեի երևի կլինեին և ուրիշ մարդիկ,— մեր «գրականասերներից» ու «գրականագետներից», որոնց (մի երկու-երեք հոգուց բացի) բոլորին