Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/40

Այս էջը հաստատված է

արհամարհում եմ ամբողջ հոգով: Գեղարվեստ հասկանալն էլ մի երկնատուր շնորհք է, մի տաղանդ և որքան որ դուրեկան է այդ տաղանդով օժտված մեկի հետ զրուցելը, նույնքան անտանելի է այդ տաղանդից զուրկ մարդկանց հետ խոսելը:

Ձեռքս դողդողում էր, և ստիպվեցի դադարել, թողնել նամակս, մի քիչ հանգստանալ։ Չգիտեմ, ինչու եմ այսպես թուլացել։ Շալը վրաս եմ առել ու փաթաթվել, մրսում եմ։ Գլուխս պտտվում է։ Բայց դուրեկան է նստել այսպես և մտածել հեռավոր կողմերի մասին: Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն— դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը, ուր ընկերներիս հետ խաղում էինք այն ժամանակ։ Հանվում էինք ու մտնում գետը — ձուկ էինք որսում, հետո ամբողջ մարմիններս ցեխով էինք պատում, իսկ գլուխներս զարդարում ջրախոտերով («յոս» կոչվող խոտով, որ ջրում է բուսնում) և ապա սկսում էինք ձկները խաշել խարույկի վրա։ Վազվզում էինք դաշտում ու բլուրը բարձրանում։ Խոտից պապիրոս էինք շինում ու ծխում։ Փայտե զենքերով «քռչերի» (ժայռերի) մեջ որսորդության էինք ելնում, իհարկե մերկ և ցեխով ներկված, որպեսզի վայրենի հնդիկների նման շինեինք, հասկանո՞ւմ եք։ Եվ հետո գնում էինք ուրիշ երկրներ, գետնի տակն էինք մտնում — կախարդական բանալին ձեր ձեռքին էր (մեր հին ժամի բանալին էր, որ ես մորիցս ծածուկ վերցրել էի տնից — այժմ կասեինք՝ գողացել էի, բայց այն ժամանակ դա գողություն չէր): Շատ բաներ էին կատարվում այն ժամանակ, այնքա՜ն հրաշք կար ու չտեսնված ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլուրի մոտ։ Դուք երևակայել չեք կարող։ Ահա այդ բաների մասին էի մտածում ես նոր, երբ ձեռքս հոգնեց և Ձեզ գրել չէի կարող։

Նոր եկել էր բժիշկը և ինչ-որ դեղեր տվեց, ասաց, որ տաքություն ունեմ, պատվիրեց պառկել։ Պատուհանն էլ փակել։ Տրամադրությունս էլ փչացրեց։ Բացի այդ մտածում եմ, որ եթե տաքություն ունեմ հիմար բաներ կգրեմ Ձեզ, թեև երբեք չեմ կարծում, որ նամակներում պետք է անպատճառ «խելացի» բաների մասին խոսել։ «Խելացի» լինելու համար շատ ուրիշ տեղեր էլ կան։ Երբեմն իհարկե նամակներում էլ արժե շատ հիմար չլինել, բայց եթե մտադրվես անպատճառ խելացի բաներ գրել, դե՛ դիսերտացիա կգրես — ինչո՛ւ ես նամակ գրում։ Այնպես չէ՞։