այլ տեսակի խաղեր, թե երեխաների, թե պատանիների և թե նույնիսկ մեծերի համար» (Երկերի ժողովածու, 5-րդ հատոր, 1945, էջ 406 — 407):
5 Այս տրիոլետները մշակվելուց հետո առաջին անգամ տպագրվել են «Չորսհատորյակ»-ի 3-րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 27—29): Տրիոլետների մասին տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 324— 325:
6 Տերյանը տրիոլետներ շատ է գրել և այժմ անհնար է ճշտել, թե էլ ո՞ր տրիոլետներն է նա նվիրել Նվարդ Թումանյանին, կամ թերևս այդ «դեռ շատ անմշակ» տրիոլետները չեն հասել մեզ:
7 Տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 381—383:
8 1915-ի հունիսին Հովհաննես Թումանյանը («Իվան Ֆադեիչը») Վան գնաց, Տերյանին շատ է հետաքրքրել Վանի պաշտպանությունը և նա որոշել է պոեմ գրել Վանի հերոսապատում ի մասին:
Հղացումը իրականացնելու համար նա ցանկացել է գնալ Վան, լինել ժողովրդի մղած հերոսական մարտերի վայրերում, ուսումնասիրել պոեմի հետ կապված հարցերը։
Մեմուարային գրականության մեջ հիշատակվում է, որ Տերյանը հետաքրքրվել է Վանից գաղթածների վիճակով, ցանկություն է հայտնել գնալ Աշտարակ, ուր կային որբանոցներ, նյութեր գրի առնել Վանի պաշտպանության մասին, սակայն չի կարողացել իրականացնել իր ցանկությունը, Տերյանի արխիվում պահվում է մի ամբողջ գործ, բազմաթիվ մարդկանց, ընդ որում տառաճանաչ ու կիսագրագետ մարդկանց, ձեռագրերով: Ի՞նչ կապ ունեն դրանք Տերյանի արխիվի հետ, արդյոք պատահականորեն չէ՞, որ դրանք խառնվել են մեծ բանաստեղծի թղթերին: Ի՜նչ լավ է, որ այսպես մտածողները գործնական քայլերի չեն դիմել, Տերյանի կյանքին ու գործունեությանը մանրամասնորեն ծանոթանալը լույս է սփռում այդ ձեռագրերի վրա։ Այդ թղթերից պարզվում է, որ Տերյանը եղել է այն ժամանակ Ցարսկայա (այժմ Սպանդարյան) փողոցում գտնվող որբանոցում, ուր կային Վանից փախած 10—15 տարեկան որբեր, հավաքել է ամենամանրամասն տեղեկություններ (անուն-ազգանուններ, ազգակցական կապեր, նրանց Վանի շրջանի կյանքի մասին տվյալներ և այլն, և այլն), զրուցեք կառավարչուհու հետ (Վարդուհի — Վ. Պ.), այլև խնդրել երեխաներին՝ գրեք իրենց կյանքի և Վանի պաշտպանության մասին: Երեխաներից Վահան Տեր-Թադևոսյանը գրում է. «մի քիչ առաջ ասացի Ձեզ»: Ուրեմն Տերյանը եղել է տեղում, խոսեցրել: Մի ուրիշը՝ Քարմիլե Մանուկյանը («Վանի դեպք և կյանքիս մասին» — վերնագրով: Վերնագրերը երևի Տերյանն է տվել ընդամենը երկու-երեք վերնագիր) գրում է. «և ես երկու երես ու կես սևացնելով Ձեզ բան չհասկացուցի և յետոյ լավ չեմ գրեր»: Երրորդը՝ Արաքսի Խոնդկարյանը գրում է. «ահա մի թերթ սևացրի, բայց Ձեզ որոշ բան մը չհասկացուցի, խնդրեմ չծիծաղեք իմ գրությանս վրա»: