լավ Կալբարիչին։ Մնացյալը գուցե ասեմ, երբ Մոսկվա վերադառնալուցս առաջին անգամ կոնծաբանության նստեմ նրա հետ, որովհետև չհարբած ժամանակ մարդ ամաչում է իր իսկական զգացմունքները արտահայտել...
Պողոսը գրել էր, որ Կարբարիչը լիակատար կենսաթոշակ կստանա: Չգիտեմ, որքան ճիշտ է այդ լուրը։ Դա ինձ շատ ուրախացրեց: Գրեթե ուրախ կլինեմ (եթե իրավ այդպես է), որ Կարպ Բորիսիչը հեռանում է ճեմարանից: Գրիր ինձ, Կարա-Յուսո՛ւֆ, այդ մասին շուտով։ Դա շատ հետաքրքրական է։ Ինչ խոսք, որ Սուսաննան ամբողջ սրտով ինձ հետ միասին ողջունում է Կարբարիչին և առհասարակ միանում է ինձ այս դեպքում ևս, վասն զի զօր Աստված զուգեաց մարդ մի մեկնեսցէ։ Այդ բանի մասին զրել էի այն նամակում, որի «նաղլը» վերևում արի։ Հիմա էլ ավելացնում եմ, որպեսզի հայտնի լինի քեզ, որ ոչ միայն տգեղ սեռը, այլև գեղեցիկ սեռը ողջունում և սիրում է Կալբարիչին։
Եվս։
Եվ կամ անցնում եմ քեզ, ո՜վ դու համաշխարհային դունդիլա՛, ով դու բազմաչարչար և բազմավաստակ Հովս Երանելի։ Եվ կամ ի՞նչ ես անում դու։ Ուրեմն։ Ծանիր։ Սուսաննան քրոջ հետ գնաց Ժելեզնովոդսկ, և ես մնացի մենակ կանաչ ձանձրույթով (зеленая тоскa): Այստեղ մեկի հետ գրականության մասին խոսք բաց անելը գրեթե անկիրթ լինելու նշան է համարվում, համարյա թե հանցանք է հաշվվում։ Ուրեմն ծանիր։ Ինքդ ծանիր։ Լավ ծանիր և իմացիր, և հասկացիր, թե որքան ուրախ է անցնում իմ ժամանակը։ Դու գիտես, որ մենք բոլորս հիանում ենք գրականությամբ և ուրիշ այդպիսի բաներով և դրա համար այստեղի կլիման մեզ չի սազում։ Մինչև այժմ գրեթե միմիայն «Բերտա Գարլան»-ի թարգմանությամբ էի զբաղված, որպեսզի ժամանակին հանձնեմ մեր Պաոլո-Իտալացուն վասն Պանթեոնի։
Ալկոհոլից հրաժարվել եմ առմիշտ։ Միայն ճաշից առաջ մի երկու-երեք բաժակ օղի եմ խմում, ճաշի ժամանակ մի քանի բաժակ գինի (թույլ, չկարծես թե ալկոհոլաշատ գինի) և գարեջուր— մնացյալ խմիչքները գործածում եմ միմիայն հանդիսավոր րոպեներին շաբաթը մի երկու-երեք անգամ, ոչ ավել։
Գրիր սիրելիդ, մի ծուլանա, գրիր Կալբարիչի, ձերոնց բոլորի մասին։