Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/442

Այս էջը սրբագրված է
168

Տպագրվում է ըստ Ջավախեցու «Հուշեր Վահան Տերյանի կյանքից» հիշողություններում (առաջին անգամ տպագրված «Գրական շաբաթ», 1930 № 1-ում) քերված տեքստի: Թվագրվում է, ըստ Ջավախեցու վկայության. «1917 թվի սկզբներին չափազանց հուսաատական մի նամակ ստացա Վանիկից»: Հուշերում Տերյանի նամակից քերված տողերը առնված են չակերտների մեջ, իսկ նամակի մյուս մասերի բովանդակությունը վերապատմված է. «Նկարագրելով հիվանդությունը,— գրում է ջավախեցին,— հայտնում է, որ բժշկող պրոֆեսորները, դրությունը ծանր գտնելով հանդերձ, իրեն «մխիթարելու համար» խորհուրդ են տալիս Ղրիմ գնալ»։ Ջավախեցին պատմում է, որ ինքը անմիջապես փող է ուղարկել ու հորդորել սանատորիա գնալ և ապա բուժումը շարունակել «հայրենի սանատորիայում»՝ Գանձայում։

169

Տպագրվում է ըստ Մ. Շահխաթունու մոտ պահվող ինքնագրի։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի: Ծրարի վրա գրված է. «Г. Ахалцых, ЕВБ учительнице Меле Маргарите Шахатунян».

1 Պ. Մակինցյանի այդ հավելագրումը չի պահպանվե:

2 Նամակի հետ առանձին թերթի վրա ուղարկված է հետևյալ («սոնետ»-ը (գրված է մաքուր ձեռագրով, կարմիր թանաքով և ստորագրված է «Վահան Տերյան»)

Տեսնո՞ւմ ես, Մարգո, ինչպես արագ
Անցավ բոլորը և դարձավ հուշ,
Այժմ ո՞վ է, ասա, գրկում ըզգույշ
Իրանըդ այնքա՜ն, այնքա՜ն բարակ.
Եվ ո՞վ է լսում, ասա, անույշ

Խոսքերդ սիրո ու սևորակ
Հուրերիդ խառնում մի նոր կրակ
Արբեցած փայլով աչքերիդ նուշ.
Ես ձմեռ օրով տեսա գարուն

Ու մայիսից վառ տեսա հունվար
Եվ մի՞թե, մի՞թե նրա համար,
Որ հյուսեմ հուշերգն այս ոլորուն
Եվ անքուն մաշեմ գիշերը զով
Քո կարոտով ու քո երադով...

Հետագայում Տերյանը մշակել է այս բանաստեղծությունը և հրաժարվել «սոնետ», վերնագրից: Մշակված տարբերակը, «Տեսնո՞ւմ ես, որքան, որքան արագ» վերնագրով, տպագրվել է Տերյանի բազմաթիվ ժողովածուներում (տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 20):