Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/455

Այս էջը սրբագրված է

1 «Նորից» է ասում, որովհետև դրանից առաջ գրել էր (տե՛ս № 199 նամակը)։ «Առաջինը» հավանորեն նախորդ նամակն է։

2 Տերյանը Պյատիգորսկում մնալով օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը, 6-ին գնացել է Եսենտուկի («явлан 6/9—18 года»—նշված է «անձնագրային գրքույկ»-ում) և այնտեղ մնացել է 7—10 օր և ոչ թե «ավելի քան մեկ ամիս»,— ինչպես ասվել է (սեպտեմբերի կեսերին Տերյանը արդեն Աստրախանում էր)։

3 Տորկա — Սուսաննա Տերյանի հորեղբոր տղան՝ Խրիստաֆոր Պախալով։

4 Մարտին Սերգեյի Պախալով (1871 —1921) — Սուսաննայի եղբայրը։

5 Փորքեջյանը—Խաչատուր Փորքեշյանը Լազարյան ճեմարանում մի տարի սովորել է Տերյանի հետ: Հետագայում նրանք բավական մոտ հարաբերությունների մեջ են եղել: Փորքեշյանը նաև հուշեր է գրել Տերյանի մասին (տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», էջ 295—319):

6 Քսենյա — Քսենյա Սրապիոնյան՝ Սարգիս Սրապիոնյանի կինը։

201

Տպագրվում է ըստ «Չորսհատորյակ»-ի 1-ին հատորի առաջաբանում Պողոս Մակինցյանի բերած տեքստի (էջ XLVIII)

Թվագրվում է ըստ բովանդակության։

1919 թվականի հոկտեմբերին Տերյանը Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կարևոր և շտապ հանձնարարություններով գործուղվում է Տաշքենդ։ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 1919 թվականի հոկտեմբերի 3-ի վկայականում ասված է, «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը սույնով հաստատում է, որ սույնը ներկայացնող Համառուսական ԿԳԿ-ի անդամ Վահան Սուքիասի Տերյանը Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով ուղևորվում է Տաշքենդ քաղաքը՝ Սամարայի և Օրենբուրգի վրայով։

Բոլոր ռազմական, քաղաքական և երկաթուղային իշխանություններին «Առաջարկվում է ընկեր Տերյանին ցույց տալ ամենալայն օժանդակություն՝ նրա ուղևորության ճանապարհին»։

Հիվանդ, հյուծված վիճակում, սակայն պարտքի բարձր գիտակցության զգացումով, Տերյանը ճանապարհ է ընկնում. «կրիայի քայլերով, մեծամեծ անհարմարություններով էր առաջ ընթանում»,— գրում է պոետի ընկեր Պողոս Մակինցյանը։ Սարատովում ստիպված կանգ է առնում մի քանի օրով։

Այդտեղից, գրում է Մակինցյանը, Տերյանը ուշադիր հետևում է քաղաքացիական կռվի ընթացքին և Մոսկվա՝ Ալ. Մյասնիկյանին ուղարկած նամակում գրում բերված տողերը (նամակը չի պահպանվել, Ս. Սուքիասյանն ասում է, որ ինքը 1934 թվականին Թիֆլիսում Սուսաննա