Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/58

Այս էջը հաստատված է

սովորի (որովհետև[1] ախր ռուսերենն այդպե՜ս գիտենալով... Տեր իմ, հո չի՞ կարելի մի քանի ամսում այնպես ուսումնասիրել ռուսերենը, որպեսզի բռնի կոնկուրսը, որը, չգիտեմ, արդյոք քեզ հայտնի՞ է, ամենադժվարներից մեկն է)։ Իսկ մաթեմատիկայի մասին չեմ էլ խոսում։ Գուցե նա ենթադրում է, թե այնտե՞ղ էլ նրան քննելու է «ընկեր Սեդաշևը», ինչպես արտահայտվեց մեր Պաոլոն։ Բացի այդ։ Նա այստեղ այսպես թե այնպես տեղավորվել է, կամ, համենայն դեպս, անկասկած կտեղավորվեր նյութական տեսակետից։ Իսկ ի՞նչ է մտածում անել հետո։ Արդյոք նա գիտի՞, որ հիմա հարյուրապատիկ դժվար է թոշակ ճարելը, քան առաջ։ Արդյոք գիտի՞, որ Կարպ Բորիսովիչը կամ չի կարող, կամ ուժ չունի այդ անելու, որովհետև Ծատուրի համար ճարեց վերջինիս վեցամսյա հացադուլից հետո, մեր անվերջանալի պնդումներից հետո և շատ մեծ դժվարությամբ: Բա ինչպե՞ս պիտի ապրի Օնիկը։ Մտածե՞լ ես այդ մասին, և ինքն էլ մտածե՞լ է արդյոք։ Իսկ մտածո՞ւմ է նաև այն մասին, որ մի տարի կորցնելը նույնն է թե առաջվա ժամանակ երեք տարի կորցներ։ Ինձ թվում է, որ 1) դու գերագնահատել ես Օնիկի ուժերը, նրա ընդունակություններն ու աշխատելու ընդունակությունները, 2) որ դու չես մտածել այն մասին, թե նա նյութապես ինչպես պետք է կարգավորի գործը։ Կամ թերևս որևէ բան ինձ անհայտ է։ Գուցե նա փո՞ղ է ճարել։ Ապա ինչո՞ւ էր գրել, թե տեղ է որոնում։ Դու զարմանում ես, որ մենք համարձակվում ենք ուրիշներին ուղի ցույց տալ, երբ ինքներս «սխալվել» ենք (մենք չենք սխալվել, մենք սխալվել ենք միայն գործնականո՜ւմ): Բայց ախր հենց այդ պատճառով իրավունք ունենք ուղի ցույց տալ։ Մի՞թե փորձը քիչ բան է, այն էլ սեփական կաշվի վրա զգացած այսպիսի փորձը։ Ընդհակառակը, դու հոգուդ մեծ մեղք ես անում, համաձայնելով նրան, որովհետև նա հիմար է և չգիտե, թե ինչ է անում։ Ափսոս, որ չի կարելի այս ամենը քեզ ասել, որովհետև գրել չեմ կարող։ Բայց դու աշխատիր հասկանալ և խորհիր։ Ես շատ, շատ ցավում եմ, որ ստիպված եմ գրել: Այդ առթիվ քեզ շատ բան կարող էի ասել։ Այո, տարօրինակ է, որ այդպես պաշտպանում ես նրա ինքնուրույնությունը։ Դա նույնիսկ ծիծաղելի է։ Ասացե՜ք խնդրեմ, որքա՜ն

  1. Այստեղից սկսած գրված է ռուսերեն։