Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/59

Այս էջը հաստատված է

պետք է այդ ինքնուրույնությունը։ Դու գրում ես՝ «կարծես նա երեխա է»։ Գիտցիր ուրեմն, որ միայն երեխաներն են վիրավորվում այն բանից, որ նրանց երեխա են համարում կամ հետները վարվում են ինչպես երեխաների հետ։ Եվ այդ բունտը (ընդվզո՜ւմ)[1], Աստված վկա, ծիծաղելի՜ է։ Հլա տեսեք, որքա՜ն կբարձրացնի Օնիկին այն, որ նրան երեխա չհամարեմ։ Ես շատ կուզենայի, որ իմ մասին որևէ մեկը հոգ տաներ և թող ինձ երեխա համարեր։ Ասենք դրա մասին ինչ խոսենք, լավ է թողնենք։ Մեկ էլ ահա թե ինչ։ Օնիկյան ռեպերտուարի վերջին սեզոնի վերջին համարը։ Նա Կարպ Բորիսովիչին գրել է, որ «նա Մոսկվայում ոչ ոքի չի թողել բացի Կարպ Բորիսովիչից»։ Մեկ նա Պավլին էր գրում և հարկ չէր համարում գեթ հիշատակել մեր մասին (Վահան և Սուսաննա — նրա «հարազատ» Սուսա՜ննան), չնայած բարև էր ուղարկում բոլորին՝ սկսած Հրաչիկից՝ և վերջացրած քիչ մնար հանրակացարանի բարապանով։ Հիմա պարզվում է, որ, ըստ երևույթին, նա Պավլին էլ չի թողել Մոսկվայում։ Ինչպիսի՜ Չայլդ Հարոլդն է։ Այդ ինչո՞ւ Կարպ Բորիսովիչին։ Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ։ Ահա թե ինչու քեզ գրել էի, որ հաղորդես նրան, որ նա գյադա է և հիմա էլի կրկնում եմ և եռակի կրկնում եմ։ Ես գիտեմ, թե որտեղից սկսվեց այդ «ոչ ոքի չեմ թողել»-ը, բայց դա երկար պատմություն է։ Մի բան պարզ է, որ այստեղ մեղավոր է նրա՝ Օնիկի, սահմանափակությունը և, ավա՜ղ, ոչ միայն մտավոր, որովհետև նա բոլորովին անհոգ է ուրիշների վիճակի նկատմամբ և, կարծում է, որ նրա հայտնվելուն պես մարդիկ պետք է մոռանան իրանց բոլոր տխրությունները, ձախորդություններն ու իրանց ողջ վիշտը և զվարճացնեն նրան։ Դա գուցե և չգիտակցված, բայց եսասիրություն է։ Դեպի նա ունեցած իմ վերաբերմունքը կոմենտարների կարիք չունի և հիմա իմ վերաբերմունքը պարզ է։ Հիմա ինձ համար միևնույն է՝ թող գլուխը քարին տա։ Թո՛ղ։ Ես չէի ուզենա, որ դու մոլորվեիր։ Ողջ լեր։ Շնորհակալություն փողի համար (գրքերի համար), որոնք այսօր ստացա։ Առայժմ։ Համբուրիր Վարյայի ձեռքը և բալիկիդ համբուրիր։

Սուսաննան բարևում է։

Քո Վահան
  1. Ընդգծված բառը գրված է հայերեն։