Թանկագին Ցոլակ[1]
Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ այդպիսի հիմար նամակ, ինչպիսին քո վերջին նամակն էր, քեզնից չէի սպասում։ Ինձ համար սարսափելի վրդովեցուցիչ էր այդ նամակը կարդալը և դա ինձ բավական լուրջ հուզեց։ Սկսում եմ մտածել, որ մարդիկ գտնվելով միմյանցից հեռու, դադարում են ոչ միայն լսել և տեսնել միմյանց, այլև կարգին հասկանալ։ Ամենից ավելի ինձ զայրացրեց քո հետևյալ ֆրազը[2]. «Ինչ վերաբերվում է քո տոնին, քո նամակից շնչող զայրույթին՝ ես չգիտեմ ինչ ասեմ։ Տեսնո՞ւմ ես, որ դու օբյեկտիվ չես եղել քո արտահայտությունների մեջ։ Սկզբից պարզ էր, որ քո մաղձը ինչ-որ հետին պատճառներ պետք է ունենա»։ Իմ «մաղձը» ավելի առաջ է եղել ախր, քան «հետին պատճառները», հասկանո՞ւմ ես, որովհետև ես Օնիկի գործելակերպից «զայրացել» եմ սկզբից և, իհարկե, միայն նրա բարիքը ցանկալով եմ հայհոյել նրան. մի՞թե սա բացատրության կարիք ունի, Աստված իմ։ Ի՞նչ է պատահել ձեզ։ Բայց Կարպ Բորիսովիչին գրած նրա նամակից հետո ես իրոք զայրացա և ինձ թվում է այդ չպետք է զարմացնի նույնիսկ քեզ «ամենաօբյեկտիվիդ»։ Ինչ վերաբերվում է Օնիկից իմ «սառչելուն», դա քո կողմից սխալ է բացատրված։ Իհարկե, «tempora mutantur», բայց Օնիկին ես վերաբերվում էի համենայն դեպս «տրադիցիոն» կարգով և երբեք չէի կարող կարծել, թե «սառն ընդունելություն» կարող է նշանակել այն, ինչ դուք ասում եք։ Որովհետև դուք, ըստ երևույթին, աչքաթող եք անում այն, որ ես էլ գոյություն ունեմ որպես «իրն ինքնին» և բացի Օնիկից, քիչ դառնություններ, հոգսեր ու մտքեր չունեմ։ Մի՞թե ես պարտավոր եմ և առավել ևս քո և Օնիկի առաջ դերասանություն անել, երբ ես տխուր եմ կամ ինձ համար տհաճ է, կամ ծանր, այո, ծանր։ Բայց չէ՞ որ, չնայած «սառն» ընդունելությանս, Օնիկի համար անում էի այն ամենը,