Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/63

Այս էջը հաստատված է

Ցանկամ քեզ ամենայն բարիք և հաջողություն։ Բարևներս ձերոնց բոլորին։ Չգիտեմ ինչու ցանկություն ունեցա ռուսերեն գրելու, թող դա քեզ չշփոթեցնի, ես տրամադրված եմ միանգամայն ազգայնորեն և հայ ժողովրդին (ինչպես և նրա լեզուն) չեմ համարում աշխարհում վատթարագույնը։


42. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1913, 14 հունվարի

Սիրելի Անտենկա

Մեզ մոտ տոներն անցան մի տեսակ արբեցման մեջ, և ես ժամանակ չգտա ձեզ գոնե մի շնորհավորական բացիկ ուղարկելու։ Շատ տհաճություններ եղան ամեն տեսակ և հետո վերջին օրերը մի ամբողջ շաբաթ ես էլ, Սուսաննան էլ հիվանդ էինք։ Ընդսմին, պետք է ասել, որ այդ ամբողջ ժամանակ դժոխային տրամադրության մեջ էի։ Ահա թե ինչու դուք ուշադրություն չպիտի դարձնեք չգրելուս վրա։ Գրում եք, թե ինչ-որ տեղ եք գնում։ Էլի ո՞ւր եք գնում։ Ի՞նչ է պատահել։ Ավելի լավ է, եկեք, Անտենկա։ Մի անգամ, իսկապես, մի անգամ եղավ մի պահ, երբ ես շատ, շատ էի ուզում տեսնել ձեզ և ձեզ հետ լինել։ Կարծում եմ, այնուամենայնիվ կգաք, որպեսզի ձեզ տեսնելու բավականությունը պատճառեք ինձ, որովհետև ահա հիմա ձեզ տեսնելու այդ ցանկությունը բարձրանում է իմ մեջ... Սիրելիս, եկեք։ Լսո՞ւմ եք։

Ինչպե՞ս են ձեր առողջությունը և գործերը։ Ի՞նչ նորություններ կան ձեր կողմերում։ Ինչո՞ւ է լռել Դավիթ կոչեցյալ այդ չար մարդը։ Նրան ի՞նչ է պատահել։

Այս րոպեիս ես շատ շտապում եմ գործով, բայց նամակս հետաձգել չեմ ուզում, քանի որ գրելու ցանկություն է առաջացել։ Աստված գիտե, ինձ երբ կհաջողվի գրիչ վերցնել, իսկ դուք կարող եք կարծել, թե ձեզ բոլորովին մոռացել եմ։ Տեսնո՞ւմ եք, ոչ բոլորովին։ Շնորհավորում եմ ձեր և ձերոնց բոլորի Նոր տարին և հղում լավագույն ցանկություններս բոլորիդ, իսկ ձեզ առողջություն