Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/70

Այս էջը հաստատված է

և դա ինձ ուրախացնում է։ Որտե՞ղ կլինեք ամառը։ Գիտե՞ք, կարող է պատահել, որ մենք այլևս չհանդիպենք երկար-երկար։ Որովհետև աշնանն ուզում եմ ծառայության մտնել, եթե անգամ պետականը չհանձնեմ։ Նշանակում է, Մոսկվայից կմեկնեմ։ Իսկ հետո, աստված գիտե, մեկ էլ երբ կգամ։ Իսկ ձեզ հետ շատ կուզենայի հանդիպել։ Լինում եմ, ճիշտ է, հազվադեպ, որովհետև զբաղված եմ քննություններով, Մարթայի մոտ։ Նա հիմա շատ ավելի բարի ու համակրելի է դարձել, և հիմա ինձ առաջվանից շատ ավելի է դուր գալիս։ Դե, սիրելիս, առողջ եղեք։ Մի մոռացեք ինձ ձեր աղոթքներում և գրեցեք, ինձնից նամակ չսպասելով (թեև ձեզ պատասխանել եմ կանոնավոր) մինչև քննությունների վերջը, այսինքն մինչև մայիս։ Իսկ դրանից հետո ձեզ կգրեմ հաճույքով ու հաճախ։

Սեղմում եմ ձեր ձեռքը, Վահան


49. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1913 , 10 մայիսի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Այսօր որոշվեց, որ պետական քննություններս այս սեսիային չեմ տալու։ Պատմելու կարիք չկա, զահլաս գնացել է այդ ձանձրալի ու սրտամաշ պատմությունից—կարճ ասեմ, Կասսոյի վերջին շրջաբերականների շնորհիվ մեր վրա մի քանի նոր առարկաների բեռ էին դրել։ Սակայն որպես հին սիստեմով սովորող ուսանողների մեզնից այդ նոր առարկաները չէին պահանջում, այլ փոխարինում էին ուրիշ առարկաներով, որ մենք տվել (сдавали) էինք և որոնք այս նոր օրենքով այժմ վերացվեցին։ Դժբախտաբար թե հիմարաբար ես գարնանը չվերցրի (1912 թվական) ավարտման վկայականս և այդ փոխարինությունները անել չտվի, ուստի այժմ ինձնից սկսեցին (ինձ համար անսպասելի կերպով) պահանջել երեք առարկա ևս, որոնց համար պատրաստված չէի (ասենք մյուսներից էլ հո այնքան շատ բան չէի արել, բայց էլի պարապել էի)։ Սկզբում ասացին (պետական կոմիսիայի նախագահը), որ այդ երեք առարկան կարելի է հետաձգել և առանց դրանց ստանալ