ես բավականաչափ ուշադիր չեմ եղել դեպի քո առաջին հոդվածը։ Ըստ երևույթին այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա։ Մեկ էլ կարծեմ դու ասել ես, որ դեպի քեզ էլ այն ժամանակ այնքան լավ չեմ վարվել, ինչպես առաջ։ Ես չգիտեմ ինչից ես այդ ամենը եզրակացրել այն ժամանակ։ Ինձ համար չափազանց անախորժ էր այդ լսել։ Հազար անգամ հարցնում եմ ինձ—որտեղի՞ց կարող էիր այդ վերցնել և պատասխան չեմ գտնում։ Ճիշտ է, վերջին տարին կամ նույնիսկ երկու տարին ես ինչ-որ ճնշված տրամադրության մեջ եմ, ինչ-որ անհասկանալի ծանրություն կա հոգուս վրա, չգիտեմ ինչից է։ Բայց որ դեպի քեզ վերաբերմունքս փոխած լինեմ՝ բնավ։ Րոպեներ են եղել, այո, ես չարացել, հայհոյել եմ քեզ երեսիդ և հետևիցդ (հո քեզնից չե՞մ ամաչելու), բայց մի՞թե քեզ չեմ կարող ես հայհոյել, Դա նույնիսկ ծիծաղելի է։ Էլ ո՞ւմ պիտի այդպես հայհոյեմ, եթե ոչ քեզ: Զարմանալի՜ մարդ։ Եվ հետո եթե որևէ անուշադրություն է եղել, դարձյալ այն պատճառով, որ նույնիսկ չեմ մտածել թաքցնել տրամադրությունս և ամաչել քեզնից։ Հետո ասել ես, որ իբր նույնիսկ չեմ կարդացել հոդվածդ։ Դա էլ հիմարություն է։ Ինչպե՞ս թե չեմ կարդացել։ Կարդացել եմ Կարենոյի հետ և հետո առանձին դեռ ձեռագիր վիճակում, այդ պատճառով էլ երբ հոդվածդ լույս տեսավ, այնպես չհարձակվեցի վրան։ Բայց հետո կարդացել եմ մի անգամ էլ։ Ի՜նչ հիմարություն։ Ուրեմն գիտցիր, որ այդ ամենը ինչ-որ անհեթեթություն է և անախորժ կլիներ, եթե քո մեջ այդպիսի զգացում մնար։ Ակնհայտ է, որ ես քեզ և՛ գնահատում, և՛ սիրում եմ ավելի, քան թվում է քեզ: Իսկ եթե քո մեջ ինձ համար տհաճ բան եմ տեսնում, դա ինձ ավելի է զայրացնում, քան եթե տեսնում եմ ուրիշների մեջ։ Ինձ թվում է այս հարցի մասին բավական է։ Արդյոք պարզերի՞ թյուրիմացությունը։ Չթաքցնենք և հոգիներումս չկուտակենք այդպիսի նստվածքներ։ Ախր մտածիր, թե ինչպիսի գազանների մեջ ենք ապրում։ Ուրեմն պետք է ավելի լավ հասկանալ միմյանց, մեկ էլ ավելի ներողամիտ լինել դեպի դատարկ բաները, զանազան տարօրինակությունները, որոնք երեքիցս յուրաքանչյուրի մեջ էլ շատ են, որոնք հաճախ դրսևորվում են տհաճորեն գուցե սուր։ Լավ, վերջացնենք այս խրատաբանությունը և բացատրությունը, ցանկանք աշխարհին և՛ ուրախություն, և՛ առողջություն։ Առայժմ։
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/73
Այս էջը հաստատված է