Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/78

Այս էջը հաստատված է

ու շատ ցավալի ինձ համար, ձեզ համար նույնքան, եթե ոչ ավելի, վեճին։

4. Սխալ ես և այն դեպքում, երբ ասում ես, թե Դավիթը, Գաբրիելյանը և Աթաբեկյանը ավելի իրավունք ունեն մեծամիտ լինելու (իհարկե, սա իմ կարծիքն է)։ Ես նրանց այդպիսի իրավունքներ ընդունելու համար հիմքեր չեմ տեսնում, մինչդեռ իմ խորին համոզմունքով մեր Պողոսը ունի ճաշակ (որ նրանցից ոչ մեկը չունի), շնորհք, որ նրանցից ոչ մեկի մեջ դեռ չեմ տեսել (իսկ Պոլի հոդվածները Թումանյանի և Ավոյի մասին ինձ համոզում են դրանում)։ Դավթին ես համարում եմ շնորհալի (թեև մի քիչ միակողմանի, բայց ընդհանուր առմամբ լավ) պուբլիցիստ և անշնորհք քննադատ, զուրկ տարրական գեղարվեստական ըմբռնումից, Աթաբեկովին ես բոլորովին չեմ ճանաչում իբր հոդվածագիր և մասամբ այդ հանգամանքը կարող է, կարծեմ, բնորոշել նրա արժեքը իմ աչքում (գուցե նա տաղանդավոր է, բայց ես չեմ տեսել այդ տաղանդը), իսկ նրա «բանաստեղծությունները» գռեհիկներին միայն խորիմաստ բաներ կարող են թվալ, գեղարվեստական կողմի մասին խոսելն անգամ ավելորդ է, ձեր թերթում տպվող ողորմելի ու խայտառակ Դրամբյանն ու Բարոյանն անգամ նրանից լավ են, որովհետև իրանց տգիտության և անշնորհքության մեջ դարձյալ երբեմն «անմիջականություն» են ցույց տալիս, որքան էլ այդ անմիջականությունը (непосредственность) հիմար ու գռեհիկ լինի... Մի ուրիշ տեղ էլ ասում ես «Միք. Վարանդյանի նման մարդը» և այլն։ Այդ ի՞նչ է պատահել, որ այդպիսի ակնածությամբ ես լցվել դեպի «նման մարդիկ»։ Այդ անունը (եթե չեմ սխալվում դաշնակցական Միք. Հովհաննիսյանն է)իմ մեջ այդպիսի ակնածություն ու երկյուղածություն չի ծնեցնում,ինչ մեղքս թաքցնեմ։ Նմանապես հավատալով միանգամայն քո պնդումներին, որ Հակոբյանը լավ մարդ է, կրթված է (որքան հայ մարդը կարող է կրթված լինել, հայ սեմինարի՛ստը), բայց դրա վերաբերմամբ ևս առանձին հիացմունք չեմ զգում։ Ինչո՞ւ... այն պարզ պատճառով, որ առիթ չեմ տեսնում։ Ո՞ր արժանիքի համար պիտի հիանամ, ասա՛։ Չէ՞ որ դա էր գրում «Քրիստ, Միքայելյանը իբրև մտածող» (!) հոդվածը, չէ՞ որ դրա հոդվածները, որ կարդացել եմ, իմ մեջ չեն ծնել հիացմունք և շատ հաճախ ինձ ոչ միայն «սխալ» են թվացել, այլև ձանձրալի, ձանձրալի ու տափակ...