Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/79

Այս էջը հաստատված է

Քո հոդվածները ինձ և հետաքրքիր են թվում միշտ, և իրանց «սխալներով» հանդերձ նշանակալից և շնորհալի, Պողոսինը նմանապես, և դրա համար ես գտնում եմ, որ դուք նրա սխալները չպիտի ուղղեիք, այլ պիտի մերժեիք հոդվածը կամ, ծայրահեղ դեպքում, դիմեիք իրան, որ արտահայտությունը մեղմացներ։ Բայց մի հանգամանք էլ կա, որ ավելորդ չեմ համարում հիշատակել այստեղ։ Դա այն թշնամական վերաբերմունքն է, որ գոյություն ունի դեպի Պողոսը և ընդհանրապես մեր հոտած ու նեխված պուբլիցիստների ու գրականների շրջանում, և մասնավորապես այդտեղի և առհասարակ ս.-դ-ների մեջ։ Մի ծիծաղելի ինքնահավանությամբ այդ մարդիկ պարծենում են իրանց «գիտական» մտածությամբ ու մեթոդով, մինչդեռ ինձ անհայտ է մնում, թե արդյոք դոքա ո՛ր «ակադեմիայում» են յուրացրել այդ խորունկ գիտությունը։ Զավեշտական այդ գիտնականները շեշտել են մի քանի անգամ Պողոսի «անգիտականութունը», «անալիզի բացակայությունը» (օրինակ, քո «հռչակավոր» ախոյան նույն Սուրխաթյանը, որին, տացե Աստված, որ մի լավ դաս տաս), նույն Դավիթը, որ, որքան էլ «կարդացած» լինի, դարձյալ ծիծաղելի է, երբ իրան և իրայիններին (այն էլ ոչ բոլորին) վերապահում է միակ «գիտական» (իհարկե և անսխալ) ըմբռնումը իրերի և առանց արհամարհանքի չի կարող խոսել զանազան միստիկների և ինտուիտիվիստների մասին — մի մարդ, (Nostra Culpa!! որ տպեցինք) հիմարություն է ունեցել ոչ միայն գրել ու տպել իր հոդվածը Թումանյանի մասին, այլև հանդգնություն ունի ապլոմբով «պաշտպանելու» այն, ինչպես Սուրխաթյանը ապլոմբով խոսում է Հոմերի և հունական պատմության ու կյանքի մասին, միայն այն հիմունքով, որ կարողացել է ձեռք բերել Բուզեսկուլի գիրքը և գուցե կարդացել է այն։ Բայց հեռու գնացինք։ Դառնանք մեր խնդրին։ Ահա, ասում եմ, ինչու պիտի մեծամտություն չհամարենք Պողոսի ցանկությունը, որ իր ասածը իր ասածը մնա, և որ նա ավելի իրավունք ունի «մեծամիտ» լինելու (եթե միայն այդ իրավունքը տրվում է որևէ մեկին), քան ասածդ մարդիկ։

5. Պողոսը (ինչպես և ես) չգիտեր, որ դու կատարյալ տեր ու տնօրեն չես թերթին և երբ քեզ ուղարկել էր հոդվածը և գրել, թե ուղղումներ մտցրու, իհարկե, համոզված էր, որ այդ ուղղումները ոչ մի կերպ չեն աղավաղի իր միտքը։ Մինչդեռ այժմ այդ