Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/83

Այս էջը հաստատված է

որը ցույց պիտի տար քո սխալը: Ի՞նչ վիրավորական բան կա դրանում քեզ համար։ Չէ՞ որ դու ինքդ ասում ես, որ անսխալական չես։ Մինչդեռ դու նրա «հայհոյական» նամակի հայհոյանքները լուրջ ընդունելով, ամենալուրջ հայհոյանքներ նետեցիր նրան (վերը ասացի, որ հայհոյանքները պիտի բացատրեիր լեզվի բացությամբ, մեր հարաբերությունների մոտիկությամբ և մտերմությամբ և հենց այդ հայհոյանքները ցույց էին տալիս, որ նա շարունակում է քեզ մտերիմ համարել և դրա համար է այդ լեզվով խոսում հետդ, իսկ եթե հակառակը լիներ, նա, անշուշտ, ամենաքաղաքավարի կերպով կխզեր իր կապերը, առանց հայհոյելու)։

Այսպես եմ մտածում ես, այսպես եմ կարծում։ Եվ դու մեծապես կսխալվես, եթե աչառություն որոնես իմ մեջ։ Այդպես մի մտածիր և հավատա, որ իմ՝ քեզ մեղադրելը չի նշանակում վատ վերաբերմունք դեպի քեզ, այլ միայն այն, որ այդպես է պատկերանում ինձ խնդիրը և, որ ես բավականաչափ սիրում և հարգում եմ քեզ, որպեսզի հավատամ, որ դու ընդունակ ես հասկանալու ինձ, հանգստանալու և հանգիստ դատելու, եթե ես իրավացի եմ այդ ընդունելու և վերջ տալու այս հիմար միջադեպին, ընդունելու, որ երեխայություն է կամ (որ ավելի վատ է) չնչին ինքնասիրություն է մժեղը ուղտ շինել և դատարկ բաների համար խզել կապերը մի ընկերոջ հետ, որին տասնյակ տարիներ սիրել ես ու հարգել (մի՞թե կասկածում եմ, որ այդ այդպես է)։ Իսկ դու այդ նամակումդ, որը, ինչպես ասում ես, «առանց» գրգռումի ես գրել, մի տեղ բացականչում ես — «այսքան ակներև անարդար մեղադրանքի համար խաչել կարելի է մարդուն» (այսինքն Պողոսին պետք է խաչել)։ Տնաշեն, դու հո մահապատժին դեմ ես, այդ տեսակ բան ասելու իրավունք չունես, այն էլ շոգիի և էլեկտրականության դարում—գոնե ասեիր «գիլիոտինել»՝ խաչելու տեղը...

Խնդրում եմ, Ցոլակ, չնեղանաս նամակիս տոնից ու ոճից։ Ոչ միայն խմբագիր, այլ թազավոր–կայսր էլ որ դառնաս, պիտի գրեմ այսպես–не думать же в самом деле о стиле, когда говорю с тобой!

Այժմ մի քանի խոսք իմ մասին։

Այն, ինչ գրել ես հոդվածիդ չկարդալուս մասին, ի բացատրություն իմ հարցմունքի, ինձ գոհացրեց։ Պողոսից հարցրի բանի