Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/84

Այս էջը հաստատված է

էության մասին, վատ էր տրամադրված, գրեթե բան չիմացա, բայց էականը գիտեմ և չեմ ուզում (копаться) փորփրել հետևելով քո խորհրդին, որովհետև հենց այսօր ասացի Պողոսին, որ ինչքան էլ լավ ու ազնիվ մարդկանց հետ գործ ունենաս, էլի եթե փորփրես, շատ բան դուրս կգա, մանավանդ եթե ամեն բանի վրա ուշադրություն դարձնես ու լուրջ նայես։ Բանն այն է, որ կարող է պատահել, օրինակ, այսպիսի դեպք, որ ես մի տեղ ասեմ, թե Ցոլակը հիմար է, կամ մի ուրիշ այդպիսի բան։ Եվ երևակայիր, որ դու իմանում ես այդ. լավ չի լինի եթե մեղադրես ինձ կեղծավորության մեջ, կամ ստության։ Ո՞վ գիտե ինչ տրամադրության մեջ, ի՞նչ առթիվ, ի՞նչ պարագաներում եմ ասել։ Ես նույնպես հանձնարարում եմ նայել այդ բաների վրա, որովհետև հակառակ դեպքում կենդանի մարդ չենք լինելու, այլ մի շարժուն առաքինություն: Գլխավորը էությունն է, ընդհանուրը, ոչ թե մանրուքները, մանավանդ պատահական։ Օրինակ, մենք ինչքա՜ն ենք բամբասել Կալբարիչին։ Երևակայիր, որ նա մի օր իմանար այդ ամենը, նա պիտի «խաչ հաներ» մեզ։ Բայց իրոք հո մենք նրան շատ լավ ենք վերաբերվում, ավելի լավ, քան որևէ մեկին։ Քեզ էլ ես քանի անգամ հայհոյել եմ, գուցե ավելի հաճախ անարդար, ո՞վ գիտե քանի անգամ անփույթ, աննրբազգաց եմ եղել դեպի քեզ, բայց չպիտի նեղանալ ու մեղադրել, որովհետև մեզնից ամեն մեկը. հազար ցավ ու հոգս ունի, հազար հակամարտ ուժերի դեմ կռիվ է մղում և ներքին, և արտաքին ուժերի, և, բնականաբար, շատ հաճախ անում է բաներ, որ չէր անի ուրիշ պայմաններում։ Ես առավել ևս տրամադրությունների ենթակա մարդ եմ, քան գուցե ուրիշները և հարկավ շատ բան արած կլինեմ, որ չպիտի անեի, բայց իմ միակ փրկությունս, միակ ապավենս այն է, որ ինձ ճանաչող, մոտ նանաչող մարդիկ կջոկեն մաքուր հատիկները աղտ ու կեղտի ահագին կույտի միջից և այդ մաքուր հատիկների համար կներեն աղտից ու կսիրեն այդ իմ մեջ, ինչպես Եհովան պատրաստ էր մի անմեղ մարդ գտնելու դեպքում փրկել Սոդոմը (կարծեմ այդպես էր չէ՞, դու գուցե ավելի լավ գիտես այդ բիբլիական պատմությունը )։ Աստված չանի, որ ինձ իմ վարմունքներով գնահատեն ընկերներս, ինչպես վարվում են ինձ չճանաչողներն ու թշնամիներս։ Դրա համար է, որ ես դժվարանում եմ մարդկանց հետ գործ ունենալ՝ ես չեմ կարող միշտ լուրջ լինել, միշտ խելոք