Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/89

Այս էջը հաստատված է

չենք տեսնվի ձեզ հետ։ Մի ամիս հետո մտածում եմ վերադառնալ Մոսկվա (պետք է հանձնել պետական քննությունները, գնալ Պետերբուրգ և այլն): Օգոստոսի սկզբին կգամ նորից Մոսկվա (եթե, իհարկե, Ստավրոպոլում ոչ մի բարդություն չլինի)։ Տրամադրությունս հիմա շատ վատ է և գրելս չի գալիս։ Դուք սխալվում եք, որ փոխվել է վերաբերմունքս դեպի ձեզ։ Ես հիմա միայն արձանագրում եմ այդ փաստը, իսկ շատ խոսել չեմ ուզում, չեմ կարող։ Կխոսենք մի ուրիշ անգամ, ամենից լավ է, երբ հանդիպենք։ Ե՞րբ եք մտադիր Մոսկվա գալու։ Ձեր հասցեն իրոք անվայելուչ է։ Այդ ո՜ւր եք հասել, աստվա՜ծ իմ։ Եթե մտքներովդ անցնի ինձ գրել, գրեցեք հետևյալ հասցեով՝ Ստավրոպոլ—նահանգային, 3-րդ Ալեքսանդրովսկայա փողոց, Պախալովի տուն, № 54, ինձ, կամ Կենտրոնական հյուրանոց, Վահան Տերյանին։ Խնդրում եմ ողջույնս հաղորդեք ձերոնց բոլորին։ Առողջ և ուրախ եղեք, սեղմում եմ ձեր ձեռքը։

Վահան


55. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
<1913, 23 հուլիսի, Ստավրոպոլ>

Իմ սիրելի Ցոլակ

Մոսկվայում նամակ ստացա Սուսաննայի հիվանդության մասին և ստիպված էի իսկույն գալ Ստավրոպոլ, քանի որ իմ ներկայությունը կարևոր էր։ Բայց բանն այնպես եղավ, որ եկա-չեկա ինքս հիվանդացա և ահա մի շաբաթ է պառկած եմ։ Կույր աղիքս էր պատճառը։ Այսօր ինձ լավ եմ զգում և ուզում եմ քո վաղուց գրած բացիկին պատասխանել, ավելի ճիշտ, ոչ թե պատասխանել, այլ մի քիչ զրուցել հետդ գոնե նամակի միջոցով, եթե բախտը չի բերում, որ գինին դնենք մեջտեղն ու երկար գիշերը լուսացնենք հարբած՝ ոչ թե գինուց, այլ անուշ զրույցից: Ի սեր Հիսուսի, սենտիմենտալություն չանվանես այս բաղձանքս, իսկ եթե համարես էլ, մտաբերիր, որ հիվանդ եմ и в растрепанных чувствах: Սուսաննայի հիվանդությունը սկզբում ինձ վախեցրեց, բայց այժմ մի քիչ հանգստացա։ Բժշկի ասելով նրա թոքերի վերևի մասը վնասված է –верхушки поражены,