կողմը, որի մասին երկար կլինի գրել, ուստի բավականանում եմ միայն քեզ հիշեցնելով այդ։ Ինչո՞ւ քո և Վարինկայի մասին ոչինչ չես գրում։ Ինչպես են գործերդ, տրամադրությունդ և այլն։ Այդ ամենը ինձ հետաքրքրում է մեծապես։ Կուզեի, որ դու քեզ լավ զգաս։ Ի՞նչ ես անում։ Ուրեմն այդ ամենի մասին գրիր։
Իմ գործերը նույն դրության են։ Առանձին նորություն չկա։ Վերջին նորությունը այն է, որ շուտով կպսակվեմ բայց երևի դու կհասնես այդ հանդեսին, եթե գալու լինես, որովհետև պսակվել որոշել ենք մոտավորապես բարիկենդանին կամ մի քիչ վաղ։ Երևի կհետաքրքրվես, թե ինչ պատճառով ենք շտապում։ Ավաղ և ա՛խ, թեև ես անկեղծ կերպով համոզված էի, որ մենք, ներողություն՝ ես երեխա ունենալ չեմ կարող.․.! Չգիտենք ինչ անել։ Սուսաննան խոմ գլուխը կորցրել է։ Դու գիտես, թե ինչպես էր վախենում այդ բանից։ Ես ավելի հաշտ եմ նախախնամության հետ։ [Ոչինչ չես կարող անել։ Թերևս դեռ կարելի է որևէ բան անել։ Դե այդ կերևա]։ Բայց պսակվելը որոշված է այնուամենայնիվ։ Եվ ես գոհ եմ։ Այս հանգամանքը ևս պատճառ եղավ իմ լռության, թեև առհասարակ վերջերս նամակ չեմ կարողանում գրել։ Որոշել ենք «Գարուն»-ի համար դիմել մի երկու մարդու, որ ապահովեն 3—4 համարը (Ժամհարյանին կամ Տարասյանին), այսօր այդ մասին ժողով կլինի։ Կարծում եմ, որ հաջողություն կունենանք։
Չէ՞[1] որ ես ու դու անուղղա լավատեսներ ենք։ Եվ հիանալի է։ Կարիք չկա քիթը կախելու և նվնվալու։ Պինդ կաց, սիրելիս, և մի վհատվիր, մի վհատվիր՝ դա է գլխավորը։ Այո՜: «Սոտրուդնիկի» մասին։ Ինձ թվում է, թե չարժե նրանց դիմել, և ես չեմ դիմի։ Ես համոզված եմ, որ նրանք կարգին հոնորար չեն տա և ընդսմին գիրքը կփչացնեն։ Եթե կարծում ես, որ կտան, իմացիր, գոնե մոտավորապես ինչքան կկարողանային վճարել 160—170 (գուցե մի քիչ ավելի) էջանոց գրքի համար։ Ես համոզված եմ, որ 200 ռուբլի ավելի չեն տա։ Իսկ ես չեմ ուզում դա։ Տեսնո՞ւմ ես ինչպես ենք քթերս ցցել։ Ոչ, սիրելիս, ուղղակի ձեռնտու չէ 200 ռուբլու համար գիրքը ծախել գրավաճառին, որը կարող է «բրոշյուրային ձևով» հրատարակել և գիրքը փչացնել։ Ավելի լավ է աշխատեմ ինքս հրատարակել, դա ռիսկ է, բայց ազնիվ
- ↑ Այստեղից սկսած գրված է ռուսերեն