Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/94

Այս էջը հաստատված է

հետո էլ ի՜նչ զբաղվես գրականությամբ և այլ բաներով։ Գլուխդ «շշմում է», և քեզ զգում ես ոչ թե մարդ, այլ սեղան, թանաքաման, առհասարակ անօրգանական էակ, որն ընդունակ չէ ոչ մի բանի... ինչքան վաղուց է, որ չեմ զգում] dolce far niente. (Փափագով, ականջդ կանչի!)։ Եթե ոչինչ չեմ էլ անում, այն գիտակցությունը, որ պիտի անեմ—կրծում է, մաշում է հոգիս, հանգիստ չի տալիս... Մի սիրուն աղջիկ կար, մի փոքրիկ իշխանուհի (իսկապես իշխանուհի), 15—16 տարեկան գիմնազուհի, որը ինձ համբուրում էր և սիրում, և ես նրա «առթիվ» գրեցի այս տողերը`

Այս հին ու նոր գրքերի վրա կորացած
Չըտեսա սա, չըտեսա, որ գարուն է նոր
Եվ այս մեռած մարդոց մեջ` սիրտս կուրացած
Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր։
Եվ արևը չըտեսա խուցիս մեջ մթին,
Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան...
Քո ծիծաղը կարկաչուն հնչեց իմ սրտին
Եկա՜ր, եկա՜ր, որպես երգ պայծառ մայիսյան...
Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր.
Խոսքերից այս իմաստուն, գիտուններից բյուր,
Ժպտա, անգի՛ն, ժըպիտըդ խոր գրքերից խոր,
Խնդությունդ ամոքիչ, զրույցըդ աղբյո՜ւր...
Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
Քան գիտուններն այս խոժոռ, գրքերն այս մթին.
Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
Քան և Վոլֆը, և Բոպպը, և Հումբոլտը միասին!...


Դու գրում ես, թե «փրանսիական» (Ալեքսանդր Միրզաջանովիչ, ականջդ կանչի՛) ակադեմիան պրեմիա է տվել Ահարոնյանի դրբվածների թարգմանության և հետո հարցնում ես, կամ, ավելի ճիշտ, տարակուսանքի մեջ ընկնում—«չգիտեմ ե՞ս եմ հիմար, թե՞»,.. Անտարակույս «փրանցուզները», եթե միայն դա էլ մի տեսակ ֆրանսիական «հայասիրություն» չէ, կամ եթե մի այլ բան չկա այդտեղ։ Պողոսն էլ գրում է, որ «Բաքվի Ձայն»-ում փառաբանում են Ահարոնյանին, որը de պարզերես է անում մեզ ու մեր «գրականությունը» օտարների աչքում: Ահա և քո «կոլեգան», որի մոտ ex լինելը դու գրեթե պատիվ էիր համարում Ես այդ պատիվ համարելուց շատ ու շատ հեռու եմ, չնայած որ քո կոլեգան, ինչպես