մի բան չի կարելի այդպես հրատարակել։ Ի դեպ նկատեմ, որ ես մեր «Գարուն-ի մասին էլ հիմա այլ կերպ եմ մտածում, քան առաջ և եթե հիմա հրատարակվի այնպես, ինչպես առաջ, ոչ մի գնով չեմ համաձայնի հրատարակել։ Իսկ «խրախուսել» երիտասարդությանը այնպես, ինչպես անում եք դուք, «Նոր հոսանք»-ը և tutti quanti (!!! կիրառեցի)[1] — երբեք չեմ անի, որովհետև դա ամենացածր տեսակի գռեհկություն է, դա անհարգալիր վերաբերմունք է դեպի գրականությունը։ Ձեր թերթում շատ ուշագրավ բաներ կային, բայց հիմա չեմ կարող նշել, այ եթե երբևէ հանդիպենք, և լրագիրը ձեռքիս տակ լինի (Պաոլոն հավաքում է բոլոր համարները և պահում), այն ժամանակ, օ, «նորվեգացի քննադատ բրանդեսը», «ռուս տաղանդավոր բանաստեղծ Պուշկինը» և սրանց նման որքա՜ն, որքան կուրյոզներ ցույց կտամ քեզ... Դե լավ։ Ինձ կանչում են։ Հետո կավարտեմ։
Ինձ կանչեցին հորաքրոջս (к тете) մոտ։ Այնտեղից վերադարձա հենց նոր, 4 ժամ անց։ Թեպետ նամակս չեմ կարդացել, բայց զգում եմ, որ շատ խիստ բաներ եմ ասել և զուսպ չեմ եղել։ Մի դատապարտիր ինձ, բարեկամս։ Գուցե որոշ բաներ այնպես չեմ արտահայտել, բայց ճշմարիտ, մեր կյանքում այնքան այլանդակ ու հիմար բաներ կան, որ ակամա սահմանն անցնում ես, երբ մտածում ես այդ իրականության մասին և երբ այդ բոլորը մինչև հոգուդ խորքը հուզում է քեզ և հատկապես երբ կրքոտ կերպով ծարավի ես, որ այդ բոլորը լինի այլ կերպ, լինի այնպես, ինչպես լավ, կուլտուրական երկրներում։ Ինքդ մտածիր, եթե Ֆրանգյանը հայ ժողովրդի փիլիսոփան է, ապա ես չեմ ցանկանում այդ ժողովրրդի բանաստեղծը լինել և հարկավոր չէ այնպիսի մի ժողովուրդ, որի «լավագույն» փիլիսոփան Ֆրանգյանն է։ Նույնը կարելի է ասել մնացած ամեն ինչի վերաբերյալ։ Դու գրում ես դպրոցի մասին (այն մասին, թե կարելի՞ է ընդունել մարդու, որը կաթողիկոսին չի ընդունում (не признает) Իհարկե չի կարելի, եթե կանգնենք ձևական, խիստ տեսակետի վրա։ Բայց ախր դա զազրելի է հնչում, որովհետև մեր պիղծ հոգևորականությունը նույնիսկ դա չկարողացավ այնպես սարքել, որ մի բանի նման լիներ... Իսկ մեր
- ↑ Ընդգծված բառը դրված է հայերեն։