Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/97

Այս էջը հաստատված է

գրականությո՜ւնը... Ախր չի կարելի լինելով հանդերձ միանգամայն անգրագետ մարդ, դառնալ լավ բելետրիստ կամ պոետ։ Ճիշտ է, դա երբեմն լինում է, բայց մեր դարում չի կարելի լինել գրող և բանաստեղծ առանց կրթության։ Իսկ մեզանում ամեն քայլափոխին հենց այդպիսի անգրագետներ են. ընդսմին հավակնություններով ու հանդգնությամբ... Այդ մարդիկ գրականությանը նայում են որպես հաճելի ժամանցի, ընդսմին «հասարակության» և առանձնապես յուրայինների աչքում որոշ կշիռ տվող ժամանցի (ինչպիսի՜ տխուր մոլորություն)։ Ինքնաքննադատության և ինքնաանալիզի ո՛չ մի կաթիլ։ Ո՛չ մի կաթիլ այն բանի, որ կոչվում է ստեղծագործության «երկունք»։ Ես շատ եմ թախծում, շատ, երբ սկսում եմ մտածել այս ամենի մասին։ Եվ ինձ թվում է մեր քննադատը պետք է խիստ լինի։ Թումանյանն ասում էր — թող գրեն (երիտասարդության մասին՝ «Հորիզոն»—ում ), ով տաղանդավոր է, ջրի երես կելնի, ով ապաշնորհ է, միևնույն է, կսուզվի Լետայի մեջ։ Իսկ ես այլ կերպ եմ մտածում։ Ավելի լավ է անարդարացի հայհոյվի տաղանդավորը (որովհետև հայհոյանքը երբեք չի սպանի տաղանդը, իսկական գրողը այդպիսին կդառնա հակառակ բոլոր հայհոյանքների), իսկ ամեն մի ապաշնորհություն հարկավոր չէ թողնել գրականության մեջ, որովհետև նրանք մուրտառում են ամեն ինչ։ Լավ։ Ձանձրացրի քեզ։ Հա, արվեստի մասին քո հոդվածի վերաբերյալ։ Սիրելի Ցոլակիկ, ի սեր Աստծո, մի շտապիր այդ հոդվածովդ։ Տես չխայտառակվես (իհարկե ոչ թե հասարակության առաջ — մենք ինչ հասարակություն ունենք և նա ի՜նչ է հասկանում որ)։ Եթե անպայման ուզում ես տպագրել, առայժմ գրիր հանրամատչելի լրագրային հոդված։ Բայց ես կուզենայի, որ այդ հոդվածովդ հանդես գայիր լավ զինված, իսկ դա առայժմ չկա։ Մի շտապիր։

Հետո ուզում էի քեզ հարցնել — ինչո՞ւ չես մասնագիտանում։ Քեզ համար որևէ բան ընտրիր, և հետո, իհարկե, դա քեզ չէր խանգարի ուրիշ բանի մասին ևս գրելու, փոխարենը մի բանում քեզ ազատ կզգայիր։ Ասենք սա ի միջի այլոց։ Քեզ այսպես երկար գրեցի, որովհետև մի տեսակ սաստիկ ուզում էի հետդ զրուցել։ Եվ ամեն ինչ գրվեց ինքն իրան։ Ձեռքս հոգնեց։ Վերջացնում եմ։ Դե, սիրելի Ցոլակիկ, ողջ լեր և զվարթ։ Բարև ձերոնց բոլորին։

7 Վ. Տերյան, հատ. IV