Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/14

Այս էջը հաստատված է

— Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնար չէ գրի առնել, պիտի սպասել, թող ամեն ինչ հանդարտվի, հետո։

Եվ որովհետև ոչինչ չհանդարտվեց, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը չվերսկսեց իր օրագիրը։

Դ

Արդեն երեք տարի անցել էր Նոյեմբերյան հեղափոխությունից, երբ պրոֆեսորը հիշեց իր օրագիրը և, հին կյանքի կարոտի բոցավառության հետ զուգընթաց, վերցրեց և սկսեց կարդալ։

Անսահման քաղցր կարոտով նա կարդաց պրոֆեսորական կոչման առթիվ իր ընդունած այցելությունների մանրամասնությունները, բայց երբ ավելին կարդաց, անակնկալորեն նկատեց, որ գրի էր առել բաներ, որոնք իսկապես տեղի ունեցել էին, բայց շատ չնչին արժեք էին ներկայացնում, անսահման հետաքրքրությամբ կարդաց պատմական անցքերի շուրջը տեղի ունեցած վեճերը, որոնք հոգածությամբ արձանագրել էր, և գտավ, որ իր այն ժամանակվա տեսակետների մեջ շատ ծիծաղելի կետեր կային։ Մի տեղ կարդաց իր ձեռքով և սևով սպիտակի վրա գրված․ «Այս կետը մութ է մնում ինձ համար»։ Պրոֆեսորը ծիծաղեց, նրա ծիծաղը նկատեց մինչև անգամ Ելենա Բեգլարովնան։ Այդ կետը բոլորովին մութ չէր այժմ, այլ ամբողջապես պարզ և պայծառ։ Երբ պրոֆեսորը եզրակացրեց, որ այդ կետի մթությունը պայծառացել, լուսավորվել էր իր համար՝ իրերը և պատմական երևույթները նոր գիտության լույսով դիտելով, պարզապես վատ զգաց, նրա կոկորդն սկսեց ճնշվել, շունչը ծանրացավ։ Ուրեմն, նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բուռն դիմադրություններին, մուտք էր գործել իր դատողության մեջ, հակառակ իր կամքին՝ այդ գիտությունը կանթեղներ էր վառել իր իմացականության մեջ։

Այդ երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը թողեց օրագրի ընթերցումը, քնքշությամբ փաթաթեց այն լրագրի մեջ, դրեց պահարանը և ուզեց մի գիրք վերցնել կարդալու՝ պարզապես խուսափելու համար Ելենա Բեգլարովնայի հետ խոսակցության բռնվելուց, որովհետև զգաց, որ կինն անհամբեր