միջօրեի տապում, կրակի պես կիզիչ քարերի արանքում, չոր, խանձված, դարավոր ծարավով տոչորված վայրի բույսերի այս մթնոլորտում։
— Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։
— Չէ՞ որ դու ասում էիր…
— Այո՛, ես ասում էի, որ հարմարվելու համար եմ ասում այն, ինչ ասում եմ Նապոլեոնի մասին և առհասարակ, բայց չէ՞ որ ասում եմ, և մարդիկ հավատում են ինձ, նոր սերունդն այնպես էլ սովորում է, որ Նապոլեոնը ուրիշ բան չէ, եթե ոչ… տանն էլ չկրկնեմ միևնույն հայհոյանքը, Ելենա, ներիր ինձ։
Այո դեպքից քիչ անց՝ պրոֆ. Մելիք–Անդրեասյանի մոտ եկան երեք ուսանողներ, որոնց հետ պրոֆեսորը պիտի կազմեր պատմության խմբակների ծրագրերը։
Ուսանողները ծրագրի մի նախագիծ կազմել էին, որի համաձայն՝ գոյություն պետք է ունենային պատմության երեք խմբակ՝ Ա. արևմտյան պատմության տնտեսական մասն ուսումնասիրող խմբակ, Բ. հասարակական կյանքն ուսումնասիրող խմբակ, Գ. քաղաքական կյանքն ուսումնասիրող խմբակ։
Նախագծի այս մեթոդը չափազանց դուր եկավ պրոֆ. Մելիք Անդրեասյանին։ Դա հին մեթոդ էր՝ պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։ Ուսանողները հետևել էին հին, շաբլոն մեթոդին և ըստ այնմ նախագիծը կազմել։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար ժամանակ տատանվեց պատասխան տալու. նրա մեջ տեղի էր ունենում ուժեղ