Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/20

Այս էջը հաստատված է

ըմբռնման որոշ ճշմարտությունն էր, որին իր մեջ մտնելուն չկարողացավ դիմադրել այն օրից, երբ նա սկսեց ուսումնասիրել այն՝ իր ամբիոնը պահելու պարզ մտադրությամբ։

Ե

Առավոտյան, Ելենա Բեգլարովնան գտավ, որ ամուսինն զգալի չափով նիհարել է, դեմքի վրա երևում էին տանջանքի հետքեր։

— Այս գիշեր լավ չե՞ս քնել,— հարցրեց նա։

— Ւնչո՞ւ ես հարցնում։

— Այնպես…

Պրոֆեսորը չպատասխանեց և սկսեց երթևեկել սենյակում։

— Վերջապես ի՞նչ կա, ասա։

— Ես հիմնական սխալ կատարեցի, որ իմ կյանքի պրոֆեսիան ընտրեցի պատմությունը։

— Ապա ի՞նչ անեիր։

— Ունեի լսողություն, ավելի լավ էր դառնայի երաժիշտ, երաժշտության ամեն մի նոտայում հո չէր կարելի իդեոլոգիա որոնել։

— Իսկապես, ինչ լավ կլիներ երաժիշտ լինեիր, ես էլ այսքան չէի ձանձրանա,— ասաց Ելենա Բեգլարովնան անկեղծորեն։

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին դուր չեկավ կնոջ այդ հայտարարությունը, մոտեցավ նրան և ասաց.

— Ձանձրանու՞մ ես, հա՞, աղավնյակս, ես չէի իմանում։

— Վերջապես, ամեն օր Նապոլեոն, Մետերնիխ, Ռոբեսպիեռ, Մուրաբո։

— Միրա՛բո,— ջղայնորեն ուղղեց պրոֆեսորը։

— Թող լինի Միրաբո, հետո ի՞նչ։

— Երանի ես քեզ պես մտածեի, Մուրաբո, Միրաբո, թերևս և Մեհրաբով, ի՜նչ տարբերություն, բոլորը մեկ է։

— Իհարկե։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ետև դարձավ հանկարծակի, նայեց կնոջը և հոնքերը կիտած, բայց զսպված զայրույթով, ասաց.