Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/22

Այս էջը հաստատված է

կապույտ թերթիկներով սքողված կտուր, շենքի ճակատը ներկված վարդագույն, լուսամուտներից դիտելով ներքնակողմը՝ տեսավ, որ յուրաքանչյուր պատը և առաստաղը ներկված են զանազան գույներով և արտակարգ պայծառ գույներով, տեսավ և այդ նոր շենքի կողքին հին տունը, տափակ կտուրով, կուչ եկած, իսկ ճակատին մի քանի սյուներով հենարաններ, որպեսզի փուլ չգա հոգնած փոքրիկ տունը։

— Այս նոր շենքը գեղեցիկ է,— ասաց նա ինքնիրեն և անցավ, չկարողանալով մոռանալ հենարաններով տունը, ոչ թե նրա համար, որ այդ փոքրիկ տունը բաղդատության դրեց նոր կառուցված շենքի հետ, այլ նմանեցրեց իրեն։ Ինքն էլ, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պարզապես հենարաններ էր կառուցել իր հոգու և իմացականության առաջ, որ չփլչեն։

— Մինչև ե՞րբ,— հարցրեր նա իր մտքում և ստացավ կոնկրետ պատասխան:

— Թերևս ավելի շուտ, քան այդ փոքրիկ հենարաններով շենքը։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն այդ կոնկրետ պատասխանից հետո վատ չզգաց, ընդհակառակն, նրան պատեց զարմանալի քաղցրագին մի թախիծ, և իրեն պատկերացրեց նստած, մենակ, տխուր, բայց հավիտենականորեն անդորր, իր սեփական հոգու ավերակների մեջ:

Երբ հասավ նա մի հին եկեղեցու առաջ, որ արդեն փակված էր հաճախորդ չլինելու պատճառով, կանգ առավ մի պահ։ Եկեղեցու ներսը տիրում էր կատարյալ լռություն, հին մեղեդիները քարացել էին տխուր, մռայլ և դեռևս խնկավետ պատերի վրա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն իսկապես զգաց խնկի հոտը, նրա ռունգները, ասես անասնական սեռային հուզումով, բացվեցին և դողացին հոտի հաճույքից։ Այնինչ, իրականության մեջ, եկեղեցու ներքնակողմում պատերը թացացել էին կտուրի կաթելուց, և ջրից կազմված հետքերը սև օձերի նման գալարվում էին պատերն ի վար։ Եկեղեցու բովանդակ մթնոլորտը հագեցած էր պատերի, հատակի և առաստաղի մգլածությամբ։

Եթե բաց լիներ եկեղեցին, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը կմտներ ներս անպայման, թեկուզ ժամերգություն չլիներ,