Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/25

Այս էջը հաստատված է

պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և թե՛ Ելենա Բեգլարովնան որոշեցին չգնալ։

Մնալով քաղաքում և երկար մտածելով՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը եկավ այն եզրակացության, որ սխալ արավ ինքը՝ հարելով հեղափոխության, կարելի էր մնալ չեզոք, պասսիվ, կատարել իր առաջ դրված ակադեմիական պարտավորությունները և ապրել հոգեկան կատարյալ խաղաղության մեջ։ Կային մարդիկ, որոնք, չհաշտվելով քաղաքական հեղաշրջման հետ, ճիշտ է, կորցրին իրենց դիրքերը, բայց ահա պրոլետարիատը եղել է այնքան բարի, որ նրանցից ամեն մեկին էլ ապրեցնում է և վատ չի ապրեցնում. ոմանք թարգմանությամբ են զբաղված, ոմանք կոնսուլտանտներ են, ոմանք մինչև անգամ հիմնարկների դիրեկտորներ են, բայց ինքը, մնալով իդեոլոգիական ֆրոնտի ամենահրատապ կետում՝ պատմության ամբիոնում, ստիպված է ապրել տագնապի և մղձավանջի մեջ:

Էջմիածին գնացողները վերադարձան։ Ոչ ոք նկատի չառավ նրանց ներկայությունն Էջմիածնում, նրանք պատմեցին, որ Էջմիածինը վերազարթնել էր ամբողջությամբ, հին շունչը թարմացած, բայց հնի զարմանալիորեն հոգեցունց բույրով, սավառնել էր հին երկնքից հին հողի և դարավոր քարերի վրա։

Իսկ ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ինչո՞վ էր զբաղված հենց այդ օրը, ջանում էր գտնել ֆրանսիական մեծ հեղափոխության տնտեսական պատճառները, ճգնելով բոլորովին անտեսել ֆրանսիական ոգու առանձնահատկությունը հեղափոխության պատճառների մեջ:

Է

Մեռոնեփեքից մի քանի օր հետո, հենց հաջորդող երկուշաբթին, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պատճառաբանելով, որ Էջմիածնի գրադարանում գտնված մի պատմական երկասիրություն իր համար անհրաժեշտ է, մեկնեց Էջմիածին:

Նա անցավ ծաղկավետ այգիներով, ծառերի բույրը, կարծես խտացած, ծփում էր ալիքի նման, ծառերը, ողջ կանաչությունը լողանում էին իրենց իսկ բույրի ծովում։ Անցավ