Հարցը շատ շեշտակի էր, պրոֆեսորը հարմար համարեց լռել։
Լռությունից օգտվելով՝ կաթողիկոսը զանգ տվեց:
Ծառան անմիջապես ներս մտավ և ընտանի կերպով մոտեցավ կաթողիկոսին: Վերջինս գրպանից հանեց փոքրիկ բանալիների մի փունջ և, բռնելով նրանցից մեկը, ասաց.
— Պրոֆեսորին թեյ կբերեք լիմոնով։
Ծառան բանալին վերցրեց և դուրս գնաց։
Պրոֆեսորը լսել էր, որ զառամյալ կաթողիկոսն իր տան անձնական տնտեսությանը խստիվ հետևող մի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, որ պահարանի բանալին պահում էր հայրապետական պատմուճանի գրպանում:
— Այժմ լիմոն դժվար է ճարվում, պրոֆեսոր,— ասաց կաթողիկոսը։
— Քաղաքում բոլորովին չկա, Ձերդ սրբություն,— արձագանքեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մեքենայորեն:
— Այո, լսել եմ։ Ասացեք, խնդրեմ, լիմոնին ի՞նչ պատահեց,— հարցրեց կաթողիկոսն այնպիսի լուրջ և ցավագին տոնով, կարծես հարցնելու լիներ, թե ի՞նչ պատահեց հայկական հարցին:
Մի պահ նորից լռություն տիրեց։ Պրոֆեսորն անձկությամբ սպասում էր լսելու կաթողիկոսի կարծիքը մեր օրերի մասին, ուստի, մի կողմ դնելով ծառայի մատուցված թեյը` երկյուղածությամբ և դողդոջուն ձայնով հարցրեց.
— Ի՞նչ է մտածում Ձերդ սրբությունը։
— Ինչի՞ մասին:
— Նու, առհասարակ:
— Գիտեք, պրոֆեսոր, մենք մի վարդապետ ունենք, Պոլսից է, նախքան վարդապետ ձեռնադրվելը եղել է դեղագործ, այդ մարդն ինձ համար ուղղակի փրկություն հանդիսացավ:
— Ի՞նչ տեսակետից, Ձերդ սբրություն,— խորապես հետաքրքրվեց պրոֆեսորը։
— Դեղորայք, կոմպրես, բանկաներ, կլիզմա և այլն:
— Հրաշալի է…
Պրոֆեսորը ձեռքը երկարեց թեյին, մտադրվեց այլևս հարց չտալ, բայց մի ներքին ուժ մղեց նրան: