շոգից և քաղաք գնալու մտահոգությունից՝ զարթնեց և այլևս չկարողացավ քնել։
Լուսաստղի մարգարտյա փայլը, ջինջ երկինքը, օդի թարմությունը և լուսամուտների վրա կախված ծառի տերևների շշնջոցը գրավական էին հորդառատ, վարար արևի, որ քաղցրացնելու էր արարատյան խաղողը։
Երբ ճարտարապետը զարթնեց, պրոֆեսորը հագնված էր և կարդում էր ճարտարապետի գրքույկներից մեկը։ Պրոֆեսորը վեր կացավ գնալու, ճարտարապետը բռնեց նրան.
— Մինչև նախաճաշ չանեք, չեմ թողնի։
Պրոֆեսորը թախանձագին խնդրեց թույլ տալ, որովհետև ցանկանում էր բռնել առաջին ավտոբուսը։
Աճապարեց նա վանքի բակից դուրս, ինչպես ծանր և ցավագար մղձավանջից խուսափող մարդը, դեպի ավտոբուսների կայանը։ Նա շտապում էր դեպի տուն, դեպի իր աշխատանոցի առանձնությունը, մարդկանց աչքերից հեռու։ Սպասելով ավտոբուսին՝ նրա քթին կպավ մեռոնեփեքի հյուրերի թողած կեղտոտության սուր հոտը, ամբողջ մթնոլորտը փոխվեց նրա աչքերի առաջ, ծառերի արանքներից երևացող մայր եկեղեցու գմբեթը մռայլվեց, վանքի բակից դուրս եկող վարդապետի սիլուետը օրորվելով անցավ իբրև մի կոշմար, բայց վանքի բակի պատերի դրսի կողմում ընկած բազարի մի կրպակում շողշողում էին խաղողի ողկույզները։ Պրոֆեսորը մոտեցավ այդ կրպակին, վերցրեց մի ողկույզ, իր ձեռքով դրեց կշեռքի մեջ և՝
— Կշռի՛ր,— ասաց:
Վերցրեց ողկույզը: Պրոֆեսորին թվաց, որ աստղերի մի փոքրիկ փունջ է բռնել ձեռքում, այնպես քթթում էին հատիկները։
Պրոֆեսորը, ակամա, անզգալիորեն, ասաց մտքում.
— Հողն է սա, հողի լույսը, ոչ մի մտածում չի կարող ստեղծել այս ողկույզը, եթե ոչ հողը, մատերիան:
Փրցրեց մի հատիկ և նետեց բերանը։ Հատիկը դեղին էր, բայց դեռ չափազանց թթու, պոկված էր դա իր թփից աշունից