Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/43

Այս էջը հաստատված է

— Շորերը մատերիա է, այո, իսկ մի՞տքը, մտածողությո՞ւնը, պրոֆեսոր։

— Ուղե՞ղը ուզում եք ասել, պրոֆեսոր,— հարց տվեց Մելիք-Անդրեասյանը։

— Այո՛, ուղեղը։

— Չէ՞ որ ուղեղն էլ մատերիա է, նյութերի որոշ քանակությունների բախտավոր միացումը, և մտածողությունն այդ նյութերի, որոշ պայմաններում և որոշ ձևերում, միացման արտահայտությունն է։

— Հասկացա, ձեր ասածը տանձն է, պրոֆեսոր, դա վուլգար մատերիալիզմն է, մենք ևս կարդում ենք, պրոֆեսոր,— պատասխանեց Տեր-Մինասյանը, վերստանալով իր սուր հեգնանքի շեշտը։

Մելիք-Անդրեասյանը զայրացավ։

— Առհասարակ փոփոխությունն ընդունո՞ւմ եք թե ոչ,— հարցրեց նա։

— Այո՛։ Իսկ ես արդեն ասացի՝ գոյություն ունի չափ։

Մելիք-Անդրեասյանն ուզեց խոսել, բայց Տեր-Մինասյանը շարունակեց.

— Բացատրեմ միտքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ դուք ենթարկված եք մեծ, ես կասեի, հսկայական փոփոխությունների. ձեր մասնագիտությունը, Արևմտյան Եվրոպայի պատմությունը, այնքան էլ մեծ ցավեր ձեզ թերևս չի պատճառի, և չի պատճառել, չափազանց հեռու է այդ առարկան ձեր հոգուց։ Ներեցեք,— ավելացրեց Տեր-Մինասյանը, երբ տեսավ, որ Մելիք-Անդրեասյանն ուզում է խոսել,— ես այն կարծիքը չունեմ, որ գիտական մտքի համար կան օտար առարկաներ, բայց, այնուամենայնիվ, Արևմտյան Եվրոպայի պատմությունը նման չէ հայոց հնագույն գրականության պատմության, այստեղ խնդիրն այլ է, այստեղ ամեն մի բառ կապված է մարդու, հայ մարդու, ուզում եմ ասել, արյան գնդիկների հետ, և ամեն մի փոփոխություն բուռն ռեակցիա է աոաջացնում. այլ է, պրոֆեսոր, վստահեցնում եմ ձեզ, բոլորովին այլ է Անգլիայի՝ Հնդկաստանը գրավելու պատճառների որոնումը, տնտեսական շարժիչ ուժերի մատնանշումն այդ գրավման մեջ, այլ է Խորենացու, Բուզանդի