ճեղքում էին էլեկտրական լամպերը։ Բլուրի վրա սուր կերպով զգալի էր փշենու և աշնան բանջարեղենի թարմ բուրումը։
Նրանք ետ դարձան բլուրից։ Երբ մի քիչ առիթ եղավ Մելիք-Անդրեասյանի համար ինքն իր մեջ ամփոփվելու, եկավ այն եզրակացության, որ պրոֆ. Տեր-Մինասյանի կարճ ակնարկության մեջ կար շատ ճշմարտություն՝ դիրքը չկորցնելու վերաբերմամբ։ Նա ջանաց ճգնել ազատվել այդ եզրակացությունից, չկարողացավ, որովհետև երբ մարդ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։
— Ինչպե՞ս է Ելենա Բեգլարովնան,— հարցրեց հանկարծ պրոֆ. Տեր-Մինասյանը, երբ բլուրը բարձրացող մի քանի անցորդների բարձր խոսակցությունը խանգարեց նրան լսել թռչունների իրիկնային երգը, որ կախված էր ծառերի յուրաքանչյուր տերևից։
— Լավ է, շնորհակալ եմ,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը և ավելացրեց.— կանայք հեշտությամբ են հաշտվում նորի հետ։
Տեր-Մինասյանը ծիծաղեց։
— Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը առաջին անգամ կանայք ընդունեցին,— ավելացրեց նա։
— Ինչպե՞ս է Սոֆիա Սերգեևնան,— հարցրեր Մելիք-Անդրեասյանը։
— Լավ է, այստեղ չէ, գնացել է Թիֆլիս։
— Արձակուրդո՞վ։
— Ոչ, գնացել է այնպես, իսկ ես մնացել եմ այստեղ արձակուրդով։
Նրանք սիրալիր բաժանվեցին։
— Այսօր ուշացար,— ասաց Ելենա Բեգլարովնան։
— Պրոֆ. Տեր-Մինասյանի հետ մի պտույտ արինք։
— Ի՞նչ էր ասում։
— Խոսում էր այնպես, դեսից դենից, Սոֆիա Սերգեևնան գնացել է Թիֆլիս։
— Լավ է. անցյալ տարի էլ գնաց, ամեն տարի գնում է։
— Նախանձեցի՞ր։
— Բա՜ն ասացիր…
Ելենա Բեգլարովնան չկարողացավ ասելիքն ասել, ներս մտավ Վահրամ Անանյանը։