Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/54

Այս էջը հաստատված է

Լակեյը հեռացավ։

Պարող զույգերն իրենց շարժումներն ավելի արագացրին, երբ նվագողներն արագացրին նվագի ռիթմը։ Նրանք տարօրինակ մի պար էին դառնում։ Պրոֆ․Մելիք-Անդրեասյանն այդպիսի պար երբեք չէր տեսել։ Տղամարդիկ իրենց աջ սրունքները կոխել էին կանանց երկու սրունքների միջև, մի քիչ կռացած, բայց ուժգնորեն սեղմած կանանց մեջքերը, նրանք գրեթե թռցնում էին կանանց իրենց աջ սրունքների վրա։ Ինչքան նվագն արագանում էր, տաղամարդկանց հպումը կանանց դառնում էր ավելի և ավելի կատաղի, կարծես նրանք ճգնում էին կորսվել կանանց մարմնի մեջ։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար տարօրինակ էր այս պարը, բայց խոր հաճույք զգաց այդ տարօրինակությունից։

Լակեյը նորից կանգնեց նրա առաջ, մեխանիկորեն ժպտաց և հարցրեց․

— Ուրիշ ոչինչ չէի՞ք կամենում։

— Ո՜չ,— կարճ կտրեց պրոֆեսորը։

Լակեյը պարզապես ջղայնացնում էր նրան։

Հանկարծ նավն ուժեղ կերպով բարձրացավ և ընկավ։ Ծովի մռայլ կոհակները նավը խաղացնում էին տաշեղի բեկորի նման, մի վիթխարի կոհակ, որ ծնունդ էր առնում ծովի խորքերից, բարձրացնում էր նավը վեր, օրորում մի վայրկյան իր սուր մեջքի վրա և, քմահաճորեն խուսափելով տակից, թողնում էր նավը գլխապտույտ անկման մեջ։

Երկու պարող զույգ, չդիմանալով նավի օրորին, դուրս եկան պարից և գրեթե ուշագնաց ընկան գահավորակի վրա։ Սեղանների վրա դրված ծաղկամանները վայր ընկան և կոտրտվեցին, մի բարձր, հպարտ շուշան ընկավ պարողների ոտների տակ և տրորվեց։

Ծովը մռնչում էր դուրսը, գիշերն ինքը ոռնում էր ահաբեկված, կորցրած իր շողշողուն աչքերը, կոհակները օրորում էին նավը, կուտակվում իրար վրա, բախվում իրար և քշվում, կործանվում ահարկու գոռոցով։

Պարը դադարեց, որովհետև անկարելի էր պարել ջրի մակերեսի նման ջարժվող հատակի վրա։ Փոքրիկ օրկեստրը դադարեցրեց պարի մոտիվը և սկսեց նվագել մի տխուր մելոդիա, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին այնպես թվաց, թե