Մելիք-Անդրեասյանը տեսավ, որ այր և կին նայվածքներ փոխանակեցին իրար հետ։
Այդ հեգնությունը բխում էր այն վերաբերմունքից, որ ցույց տվեց Մելիք-Անդրեասյանն առաջին իսկ րոպեից։ Թե՛ Միրզա-Նուբարյանը և թե՛ Աննա Ջումշուդովնան սովոր էին, որ Մելիք-Անդրեասյանն իրենց մոտ գար երկյուղածությամբ և չափազանց խորին հարգանքով մոտենար իրենց, մեջքը կռացրած, նախ Աննա Ջումշուդովնային, համբուրեր նրա ձեռքը, ապա ավելի կռացած մոտենար Միրզա-Նուբարյանին և պատկառանքի ու երախտագիտության խոր զգացումներով սեղմեր նրա ձեռքը։ Բայց Մելիք-Անդրեասյանը տվյալ դեպքում մոտեցավ նրանց գեթ իբրև հավասարների։ Ճիշտն ասած՝ նա այդ մասին երբեք էլ չէր մտածել, ճիշտ է՝ ճանապարհին նա մտածեց, թե ի՞նչ պետք է ասի, ի՞նչ պետք է պատմի, ո՞ւմ բարևները պիտի հաղորդի, բայց թե ի՞նչ ձևերով պիտի ներկայանար նրանց՝ այդ մասին նա երբեք չմտածեց։
— Հիշում եմ առաջին անգամ, որ դու ինձ մոտ եկար,– ասաց Միրզա-Նուբարյանը, փոխելով «դուքը» «դուի»։
Մելիք-Անդրեասյանը ցնցվեց, նրա ամբողջ մարմինը պատեց սառը քրտինք, որովհետև ինքը ևս հիշեց այդ առաջին անգամը. երիտասարդ էր, ուսման ծարավով տոչորված, հափշտակված մայրաքաղաք գնալու և բարձրագույն ուսում ստանալու հեռանկարով, հիշեց, թե ինչպե՛ս մտավ մեծահարուստ նավթահորատեր Միրզա-Նուբարովի տան դահլիճը… Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը մթնեցին, այլևս ոչինչ չհիշեց, հին աշխարհում թողված այդ ամոթը, ստրկամտության այդ հզոր փաստը նրա աչքերի առաջ քաշեցին մի մթին քող, և այլևս չտեսավ Միրզա-Նուբարյանին, որ նստած էր դեմը, և Աննա Ջումշուդովնային, որ կուչ էր եկել նրա կողքին ու հեգնությամբ նայում էր իրեն։
Հին աշխարհը… այն աշխարհը, որի բոլոր տրադիցիաները, այսպես կարծված բոլոր սրբությունները կոխոտեցին իր ետև թողած երկրի բանվորները, ազատագրելով բոլոր տեսակի ստրուկներին, այն աշխարհը, որի տերն էր ահա այս Միրզա-Նուբարյանը…