Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/67

Այս էջը հաստատված է

որոնց հիշատակը պահել էր նա երկար տարիներ` երախտագիտական սրբագույն զգացումներով, առանց ռուբլու` չնչին մարդիկ էին, ահա նրանք վերադարձել էին իրենց բնական սոցիալական կատեգորիային, ինչ որ երևացել էր բարոյական, վեհ, պատկառելի, եղել էր ռուբլու փայլը, ռուբլու զիլ հնչյունը և ուրիշ ոչինչ:

— Ալեքսանդր Իվանիչ, ռուբլին աստված է, ես հավատում եմ ձեր ասածին:

Տիրեց խոր լռություն: Միրզա-Նուբարյանը և Աննա Ջումշուդովնան զգացին, որ Միքայելը, իրենց նախկին սանը, պարզապես հեգնում է իրենց:

— Միքայել, դու…

— Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը` ոտի կանգնելով,— ես մի մեծ սխալ գործեցի…

Նա կանգ առավ: Նախկին նավթահորատերն ուշադրությամբ դիտեց նրան և սպասեց նրա խոսքի վերջին:

— Ես մեծ սխալ արի, որ եկա ձեզ տեսնելու…

Աննա Ջումշուդովնան նորից սկսեց դառնագին հեկեկալ:

— Ինչո՞ւ,— հազիվ կարողացավ հարցնել նախկին նավթահորատերը գրեթե շշնջալով:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չպատասխանեց և դուրս եկավ տնից։

Աննա Ջումշուդովնան երկար շարունակեց հեկեկանքը, իսկ Միրզա-Նուբարյանը նորից վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ անտարբեր և անզգա։

ԺԹ

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորից ստացավ առաջին նամակը, որին ջերմագին կարոտով սպասում էր նա։

Նամակը գրված էր Փարիզից, այնտեղ հասնելուց մի քանի օր հետո, և բացի անհրաժեշտ անձնական տեղեկություններից` ֆիզիկական առողջության, տեղավորվելու, եղանակի և այլնի մասին, ուրիշ ոչինչ չկար այդ նամակում, գուրգուրանքի, կարոտի ոչ մի խոսք, կարծես այդ նամակը գրված էր մի կնոջ, որ երբեք մտերիմ կապեր չէր ունեցել նամակագրի հետ: