Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/73

Այս էջը հաստատված է

առանձին գրավչություն և խորագույն իմաստ, կան անտեսանելի ձեռքեր, որոնք գեղեցկացնում են ամեն ինչ։

Երեկոյան Փարիզն ավելի գեղեցիկ էր։ Ամբողջ քաղաքը ողողված էր վերջալույսի վարդագույն լույսով, անսահման դաշտն օրորվում էր, քաղաքում տիրում էր մի լուռ խնդություն, որ գալիս էր ամեն մի վերջալույսին՝ իբրև մի հանգիստ պահ աղմկալից, լուսավոր և ցնծուն գիշերից առաջ։ Գիշերը Փարիզը ոչ թե քնում է, այլ նոր է զարթնում, նա սիրում է ուրախանալ երկնքի և երկրի աստղերի տակ։ Փարիզը գիշերը պարում է, իրիկնային փոքրիկ հնչյունները մեծանում են գիշերը և դառնում բարձրաձայն նվագ, պատռվում է քաղաքի սիրտը, և հոսում է վարդագույն ու արնագույն գինին։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը քաշվեց լուսամուտից, երկարեց բազկաթոռի վրա և բաց արավ լրագրերից մեկը։ Մի քիչ կարդալոլց հետո՝ մեքենայորեն նա փնտրեց արտասահմանյան բաժինը և ահա URSS։ Այդ բաժինը, բնականորեն, նրա համար նորություններ չէր պարունակելու, բայց, զարմանալի էր, նորություններ շատ կային, կարծես ինքը չէր եղել այդ երկրի քաղաքացին, հասարակական հազար ու մի թելերով կապված չէր եղել այդ երկրի ամեն մի երևույթի հետ, ֆրանսիական թերթի տեղեկությունները, կարծես, այն երկրի մասին չէին, որտեղից ինքը դեռ նոր էր եկել։

Պրոֆեսորը կարդաց․

— Վերսկսվել են հրեական կոտորածները․․․

— Հեռավոր Սիբիրում պայթել է մեծ ապստամբություն․․․

— Փոքրիկ հանրապետությունների կոնֆերանսը որոշել է անջատվել Խորհրդային Միությունից, բայց ռուսական Կարմիր Բանակի երևալը Անդրկովկասում և Միջին Ասիայում քայքայել է հանրապետությունների ցանկությունը․․․

— Գնդակահարումը շարունակվում է ժողովրդական այն տարրերի դեմ, որոնք ոչ թե մասնակցում են դժգոհության ալիքին, այլ պարզապես չեզոք են մնում․․․

— Խորհրդային Միությունը տենդագին պատրաստություն է տեսնում արտաքին պատերազմի համար․․․

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը դեն շպրտեց թերթերը և սկսեց մտածել․ «Մի՞թե ինքը, լինելով այդ երկրի մասնիկը, լինելով մտավորական, կուլտուրական ֆրոնտի բարձր տիպի