Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/75

Այս էջը հաստատված է

անգամն էր, որ նրա մեջ զարթնեց Խորհուրդների երկրի քաղաքացու արժանապատվությունը և արդարության զգացումը։ Նրան, այդ կույր մարդուն, որ տարիներ ապրել էր հանուն սոցիալիզմի կառուցման մղվող պայքարի անասելի, հերոսական և մինչև անգամ հեքիաթային պայմաններում և գրեթե ոչինչ չէր տեսել, կամ մարտնչել էր չտեսնելու, սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց: Հանկարծ նա զգաց, որ ո՛չ միայն ինքը, իբրև հարազատ քաղաքացի, չէր կարողացել ոգևորվել երկրի վերելքով, չէր կարողացել տեսնել ժամանակավոր անհաջողությունների մեջ իսկ ապագա մեծագույն և բացարձակ հաղթանակի բոլոր տվյալները, այլ մինչև անգամ չէր կարողացել լինել օբյեկտիվ։

Այս մտածումների հոսանքում արիություն չունեցավ նա երկար տարուբերվելու, որպեսզի կարողանար գտնել ճշմարիտ հանգրվանը՝ ինչպես փոթորկից հետո անխուսափելի խաղաղությունը, իրեն նետեց պանդոկից դուրս՝ ազատվելու համար իրեն ճնշող մտքերից։

Լույսի և ստվերի այն հաջորդականությունը, որից տանջվում էր նա, հրեց նրան դեպի ցնծացող, լուսազվարթ և երգող քաղաքը։

ԻԲ

Առաջին անկյունում նա տեսավ մի զույգ, որ պինդ փաթաթված համբուրվում էին, տարված այնպիսի գերագրգրռությամբ, կարծես չորս պատերի մեջ մենակ լինեին։

Նա մտավ բուլվարներից մեկը։

Խնդությունը հոսում էր ծառերի տակով, մաքուր և ուրախ մայթերով կարկաչում էր գիշերվա երգը, ծառերի ճյուղերի միջից երևացող լույսը չէր կարելի որոշել՝ աստղե՞ր էին, թե էլեկտրական լամպեր, հարյուրավոր մեծ լուսամփոփներ, կլոր և սպիտակ լիալուսնի նման, օրորվում էին բուլվարի մեջտեղում:

Նա կանգ առավ մի քանի խանութների փեղկերի աոաջ, դիտեց, հափշտակվեց մի կամ երկու իրով և շարունակեց ճանապարհը։ Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ այդ բարձրորեն ցնծացող քաղաքում, որտեղ փողոցի յուրաքանչյուր