քարն անգամ հյուրասեր էր, գոյություն ուներ մարդկային տանջանքը, որի ճիչը խեղդվում էր բարձրաղաղակ ուրախության տակ։ Հանկարծ նա տեսավ երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային դեռ բոլորովին պատանիներ, վերին շրթունքների վրա մազերի թեթև ստվերներով, և նրանց ետևում մի քանի ոստիկաններ: Խումբը, քրտնած և ահաբեկված, կողմնակի փողոցից մտավ բուլվար, ճեղքեց ուրախ ամբոխը և մտավ դիմացի կողմնակի փողոցը, բայց այնտեղ հանդիպեց ոստիկանական ուրիշ խմբի և կանգ առավ։ Երկու կողմից ոստիկանները պաշարեցին երիտասարդներին ու պատանիներին և քշեցին առաջ: Ձերբակալվածներն սկսեցին երգել մի երգ, որ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը երբեք լսած չէր, բայց այդ երգի յուրաքանչյուր հնչյունը ցնցեց նրա ամբողջ մարմինը, նրանց ձայնը հիշեցրեց նրան Խորհուրդների երկրի երիտասարդ սերնդի ձայնը, առողջ, զիլ, թարմ ու վճիտ՝ ինչպես լուսաբացի համանվագը: Հիշողության մեջ պատկերացրեց նա և մի ուրիշ պատկեր՝ ցարական դարաշրջանի ոստիկանությունը, և նրան ճնշող հին այդ կոշմարը, մռայլ և ցավատանջ կոշմարը, որի վերադարձի հեռապատկերը փշաքաղեց նրա մարմինը և մտքում, պարզ և որոշակի՝ ինչպես բարձրաձայն մեկի հետ խոսեր, նա ասաց.
— Եվ ես ցանկանում եմ, որ վերադառնա այդ բոլոր հինը։
Մարդիկ տեսան, որ մեկը, ըստ արտաքին երևույթին և քայլվածքի ոճին՝ մի օտարական, քայլում է բուլվարի ցնծացող ծառերի և լիալուսնի նման կախված լամպերի լույսերի տակով, ահաբեկված աչքերով, նյարդայնացած և հոգեկան ակնբախ խռովքով։
Աշխատելով փախչել հետզհետե աճող ցնծությունից և լույսից, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտավ կողմնակի փողոցներ, բայց իրեն գտավ ավելի կոշմարային մթնոլորտում։
Մի կանացի երգեցիկ ձայն նրան բարևեց սիրալիր և՝
— Մենակ չե՞ք ձանձրանա,— հարցրեց նրան։
Պրոֆեսորը չպատասխանեց։ Գնալով լույսին ավելի մոտիկ, նա նայեց կնոջը։ Վերջինս ժպտաց։ Այդ ժպտում չկար ուրախության ոչ մի ցոլք, ընդհակառակն, թախծի մի քող նրան դարձնում էր զարմանալիորեն գրավիչ։
— Ես սիրում եմ մենակություն,— ասաց պրոֆեսորը: